Encyclopedia
ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ
Փիլիսոփա, աստվածաբան, եկեղեցական գործիչ
Ծնվել է Սյունիքի Որոտան գավառի Վաղադնի գյուղում: Եղել է Սյունյաց մեծ իշխան Իվանեի որդին, մականունը՝ Կախիկ: Սովորել է Գլաձորի համալսարանում: Իր ուսուցիչներ Եսայի Նչեցու և Տիրատուրի մահից հետո, 1340-ական թվականների վերջում փոխադրվել է Որոտանի վանքը (որից և ծագում է նրա հիմնական մականունը՝ Որոտնեցի): Այստեղ սկսել է ինքնուրույն մանկավարժական աշխատանք, այնուհետև գիտական և դասախոսական գործունեություն ծավալել Դարանաղյաց գավառի, իսկ 1370-ական թվականներին՝ Տաթևի և Ապրակունիսի վանքերում: Հիմնադրել է Տաթևի համալսարանը և Ապրակունիսի բարձր տիպի վանական դպրոցը: Կրթական այդ նշանավոր կենտրոններում բարձր մակարդակի վրա է դրել փիլիսոփայության ու աստվածաբանության դասավանդումը՝ միաժամանակ ծավալելով բեղմնավոր գիտական ու գրական աշխատանք: Ղեկավարել է գաղափարական պայքարը ունիթորների դեմ, Գրիգոր Տաթևացու հետ միասին ետ մղել կաթոլիկ եկեղեցու ոտնձգությունները Հայասաանյայց Առաքելական եկեղեցու նկատմամբ, ուժեղացրել վերջինիս դիրքերը Արևելյան Հայաստանում: Թողել է գիտական հարուստ ժառանգություն, ունեցել է բազմաթիվ աշակերտներ ու հետևորդներ: Առավել արժեքավոր են նրա փիլիսոփայական երկերը, հատկապես Արիստոտելի, Փիլոն Ալեքսանդրացու և Պորփյուրի աշխատությունների մեկնությունները, որոնք գրի են առել նրա աշակերտները, մեծ մասամբ Գրիգոր Տաթևացին, որն իր ուսուցչի մահից հետո խմբագրել ու բազմացրել է դրանք՝ փրկելով կորստից: Ուշագրավ են նաև ճառերը, քարոզներն ու աստվածաբանական մեկնությունները, ուր արծարծվում են բազմապիսի բնագիտական և փիլիսոփայական խնդիրներ: Հայ տեսական մտքի պատմության մեջ նրա ավանդը Արիստոտելի փիլիսոփայության, նրա իմացաբանության ու տրամաբանության առաջավոր գաղափարների, մատերիալիստական միտումների վերարծարծումն ու պաշտպանությունն է: Միաժամանակ, որպես աստվածաբան, ձգտել է փիլիսոփայությունը ենթարկել աստվածաբանական-դավանաբանական խնդիրներին, գտնելով, որ փիլիսոփայությունը պետք է օգնի բանականորեն ընդունելու այն, ինչ «ըստ շաւղաց Աստուածաշունչ գրոց ընթանայ…» իսկ որ արտաքոյ է ի շաւղաց Աստուածաշունչ գրոց՝ ոչ ընդունել» («Հաւաքեալ ի բանից իմաստասիրաց»): Նրա գոյաբանական հայացքները դուրս չեն գալիս կրոնա-աստվածաբանական խնդիրների ոլորտից: Փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է իդեալիզմի դիրքերից: Աշխարհը, ողջ բնությունը, ըստ նրա, Աստծու ստեղծագործության արդյունք է՝ ստեղծված ոչնչից: Բնության իրական գոյության հիմքը չորս տարրերն են՝ հողը, ջուրը, օդը և կրակը: Նրանք ունեն սկիզբ, բայց չունեն վերջ, որովհետև ստեղծված են որպես անապական գոյացություններ: Նրանցից են բաղկացած բոլոր իրերը և կենդանիների (այդ թվում մարդու) մարմինը: Սակայն առաջնայինը հոգին է, որը կենդանություն է տալիս մարմնին և շարունակում է ապրել մարմնից դուրս ու անկախ՝ նրա քայքայումից հետո: Հայ փիլիսոփայական պատմության համար առավել արժեքավորը նրա իմացաբանությունն ու տրամաբանական հայացքներն են: Առաջ քաշելով մարդկային բանականության և արտաքին աշխարհի փոխհարաբերության հարցը՝ նա ընդունում է նյութականի՝ մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող բնության առաջնությունը: Ըստ նրա, մարդու զգայությունները, պատկերացումներն ու գաղափարներն օբյեկտիվ աշխարհի արտացոլումներն են: «…Զգայութիւնն»,-ասում է նա,- ընդ մարմնոյն է եղեալ և է մարմնի, որպէս աչքդ, իսկ զգալին նախ է քան զքո մարմինդ: …Արդ, ի բառնալ ամենայն զգալեաց բառնի և քո մարմինդ և ընդ մարմնոյն բառնի և զգայութիւնդ. ապա թէպէտ բառնաս զգայութիւնդ՝ դեռևս մարմինդ է, և թէ զմարմինդ բառնաս՝ զգալիքն ամենայն գոն» («Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի»): Միտքը միայն զգայարանների միջոցով կարող է ճանաչել արտաքին աշխարհը և «որպես մաքուր հայելի» ընկալել իրերի նմանահանությունները: Զգայարաններից եկող ցուցմունքների շնորհիվ բանականությունը ճանաչում է իրերի էությունը: Մատերիալիստական այս միտումը շարունակվում է նաև նրա տրամաբանական հայացքներում: Հետևելով Արիստոտելին՝ նա պնդում է, nր ամենակարևորը առաջին գոյացության (այսինքն՝ եզակի, «անհատ» իրերի) կատեգորիան է. նրանից են կախված մյուս բոլոր կատեգորիաները՝ քանակը, որակը, հարաբերությունը և այլն: Ունիվերսալիաների՝ ընդհանուր հասկացությունների բնույթի հարցը, նա ի վերջո լուծում է նոմինալիզմի դիրքերից: Ըստ նրա, առանձին մարմնավոր գոյը, եզակին («անհատն») «անկարօղ է սեռից և տեսակաց, զի ստորոգեսցին ի վերայ նորայ. այլ նոքա կարօտ են ենթակայի, զի ժողովեսցին և կախեսցին ի նա…»: Եզակիի գոյությամբ է պայմանավորված ընդհանուրի՝ սեռի և տեսակի առաջացումն ու գոյատևումը: Նա չի ժխտում ընդհանուր հասկացությունների դերն ու արժեքը՝ համարելով դրանք ճանաչողության կարևոր արդյունք, իրերի էությունն արտացոլող գաղափարներ: Նրա հայացքները վճռական դեր խաղացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր գիտական տեսությունների զարգացման գործում: Ի դեմս նրա, արիստոտելականությունը միջնադարյան Հայաստանում հասավ զարգացման իր գագաթնակետին և նպաստեց փիլիսոփայական մտքի վերելքին և ինքնուրույնացմանը: Իր գիտական և մանկավարժական գործունեությամբ խորը հետք է թողել հայ միջնադարյան մշակույթի մեջ: Նրա դպրոցի ավանդույթները շարունակել են Գրիգոր Տաթևացին, Մատթեոս Ջուղայեցին, Առաքել Սյունեցին և մշակույթի ու գիտության այլ նշանավոր ներկայացուցիչներ: Մահացել է Ապրակունիս գյուղում (այժմ՝ Ադրբեջանում), թաղվել է Երնջակի Սբ. Գևորգ վանքում: