Հանրագիտարան
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ
Գեղանկարիչ
Ծնվել է Նոր Ջուղայում, որտեղ և դարձել է անվանի արվեստագետ։ Իսկական անունը եղել է Թանրի Վերան, որ նշանակում է աստվածատուր, ռուսերեն՝ Բոգդան, հոր անունը՝ Սալթան, որից և ազգանունը՝ Սալթանով: Ընդունելով ուղղափառ դավանանք՝ կոչվել է Իվան Իևլիևիչ Սալթանով. հայերեն օգտագործվել է նաև Աստվածատուր Սալթանյան անվանաձևը: Ռուսաստանի թագավոր Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով 1666թ. խոջա Զաքար Սահրադանի երաշխավորությամբ եկել է Մոսկվա։ Շուտով ձեռք է բերել շնորհալի ստեղծագործողի համբավ։ 1674թ. նրան շնորհվել է ազնվականի կոչում՝ Մոսկովյան ցուցակով։ 1685թ. նշանակվել է Մոսկվայի Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավար։ 17-րդ դարի վերջի մի քանի տասնամյակներում եղել է մոսկովյան գեղարվեստական կյանքի ակտիվ մասնակիցներից։ Ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, սրբանկարներ, նկարազարդել, ձեռագրել, ձևավորել է պալատներ, վերանորոգել մի շարք պալատների ու եկեղեցիների ներքին հարդարանքը։ Նրա էսքիզներով պատրաստել են կիրառական արվեստի բազմաթիվ իրեր (սեղաններ, սնդուկներ, մահճակալներ, խաղալիքներ և այլն)։ Ղեկավարել է Կրեմլի մի շարք շինարարական աշխատանքներ, ինչպես ռուսական իրականության մեջ առաջին հաղթակամարի կաուսցումը, ձևավորել այն (1696թ., Ազովը Պետրոս 1-ինի կողմից գրավելու առթիվ)։ Պահպանված գործերից են՝ «Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի դիմանկարը» (1682թ.), «Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորի դիմանկարը» (1685թ., երկուսն էլ՝ Մոսկվայի պատմության պետական թանգարան), «Տիրամայրը», «Հովհաննես Ավետարանիչը», «Տիրամայրը երկու հրեշտակների հետ», «Խաչից իջեցնելը», «Հարություն», «Համբարձում», «Ահեղ Դատաստան» (վերջին երկուսը՝ Ի.Բեզմինի համագործակցությամբ, բոլորն էլ՝ 1679թ., Կրեմլի Խաչելության եկեղեցի)։ Այս, ինչպես նաև մեզ չհասած աշխատանքներով նա ռուսական իրականության մեջ արմատավորել է այսպես կոչված «կերպասյա գեղանկարչությունը»։ Պահպանվել է նաև նկարչի «Կենսահաստատ խաչը» սրբապատկերը (1677թ., Կրեմլի 17-րդ դարի կիրառական արվեստի ու կենցաղի թանգարան)։ Ձևավորել է «Սիբիլլաների գիրք» (1672-73թթ, Մոսկվայի պետական գրադարան), «Վասիլիոլոգիոն» (1674թ., Մոսկվայի Հին ակտերի պետական կենտրոնական արխիվ) ձեռագրերը, կատարել «Խաչելություն» գունազարդ փայտյա քանդակը (1679թ., Կրեմլի Խաչելության եկեղեցի)։ Նրա պատրաստած կիրառական իրերից պահպանվել են չորս դրոշներ և Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի ճանապարհորդական վրանի վերին մասը (1668թ., դաջվածք, Զինապալատ, Կրեմլ, Մոսկվա)։ Նրա արվեստը բազմաբնագավառ է, բազմաժանր, գեղանկարչորեն շքեղ, հարուստ և բազմազան։ Ռուսական արվեստ է մուտք գործել նրա «եվրոպականացման» շրջանում և կարողացել է ժամանակի պահանջները զուգորդել ինչպես եվրոպական գեղանկարչության առանձնահատկություններին, այնպես էլ Նոր Ջուղայի գեղարվեստական դպրոցի սկզբունքներին։ Նրա ստեղծագործությունը արժանի տեղ ունի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կերպարվեստում։ Նկարչի աշակերտներից շատերը դարձել են անվանի նկարիչներ։ Մատուցած ծառայությունների համար Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորը նրան նվիրել է արծաթե գուշ (1682թ., Մոսկվայի պատմության պետական թանգարան)։ Մահացել է Մոսկվայում: