Հանրագիտարան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆԱՆԴԵՑԻ
Բանաստեղծ, մշակութային գործիչ
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Կտուց անապատում։ 1798թ. ավարտել է Կ.Պոլսի «Մայր դպրատուն»-ը։ 1799թ-ից աստվածաբանություն և հայկաբանություն է դասավանդել Զմյուռնիայի նորաբաց Մեսրոպյան վարժարանում։ Իր առաջին գործում՝ «Ճառ ներբողական ի սուրբ Խաչն Քրիստոսի և պատմագրական առասացություն ի Սուրբ Նշանն Վարագա» (1816թ., հրտ.՝ 1853թ.), տալիս է Վարագա վանքի կառուցման պատմությունը, մատնանշում քրիստոնեական կրոնի դերը հայ ժողովրդի կյանքում։ 1829թ. ավարտել է «Տեսարան հանդիսիցն Հայկայ, Արամայ և Արայի» (հրտ.՝ 1856թ.) դյուցազներգությունը, որի նյութը հայ ժողովրդի պատմական-առասպելական անցյալն է։ Հեղինակը հիմնականում հետևել է Մովսես Խորենացուն, թեև կան որոշ հավելումներ ու շեղումներ։ Մյուս՝ «Արփիական Հայաստանի» (1836թ.) դյուցազներգությունում (10 հազար տող) շարադրված է հայ ժողովրդի՝ քրիստոնեություն ընդունելու պատմությունը (ըստ Ագաթանգեղոսի)։ Որոշ ընդմիջումից հետո գրել է իր վերջին՝ «Ոսկի դար Հայաստանի» (1841թ.) դյուցազներգությունը (5500 տող)։ Ունենալով հարուստ գիտելիքներ, տիրապետելով հայ բանաստեղծական արվեստի օրինաչափություններին՝ հեղինակը ստեղծել է բարձրարժեք գործ։ Իր այս երեք դյուցազներգություններով որոշակի ձև և ուղղություն է տվել հայկական կլասիցիզմի իզմիրահայ թևին և առաջադիր սկզբունքներ թելադրել առհասարակ հայկական կլասիցիզմի համար։ Նրա բանաստեղծություններից հայտնի է «Առ Հայաստան»-ը (առավելապես իր առաջին տողով՝ «Հայաստան, երկիր դրախտավայր»), որ երգի է վերածել Կոմիտասը։ Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա)։