Հանրագիտարան
ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏ
Պետական գործիչ, պատմաբան
Ծնվել է Կիլիկյան Հայաստանում, եղել է Հեթումյանների տոհմից, Կոստանդին պայլի և Տամա Վիծիի (Ներսես Լամբրոնացու քույրը) որդին, Հեթում Ա թագավորի ավագ եղբայրը։ Հայոց սպարապետության գործակալությունը վարել է 1226թ-ից և շուրջ 50 տարի հմտորեն կազմակերպել է երկրի պաշտպանությունը, թշնամիների դեմ մղել բազմաթիվ հաղթական մարտեր (1246թ. և 1259թ. Իկոնիայի սուլթանության, 1276թ.՝ Եգիպտոսի սուլթանության դեմ և այլն), 1243թ., երբ մոնղոլները սպառնացել են Կիլիկյան Հայաստանի սահմաններին, նա և Կոստանդին պայլը Կեսարիայում բանակցել են մոնղոլ զորավար Բաչու Նոյինի հետ և կնքել փոխշահավետ պայմանագիր։ 1248թ. մեկնել է Կարակորում, մոնղոլական մեծ խանի հետ բանակցել Հեթում Ա-ի այցելության և հայ-մոնղոլական դաշնագրի վավերացման պայմանների մասին։ 1250թ. վերադարձել է հայրենիք, իսկ 1254թ. Հեթում Ա-ին ուղեկցել Կարակորում, որտեղ Մանգու խանի հետ ստորագրել է նոր պայմանագիր։ Եղել է Հայոց Գերագույն ատյանի՝ Վերին կամ Մեծ դարպասի (քննում էր պետության ներքին ու արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերը) անդամ, անմիջաբար մասնակցել պետական գործերին և երկրի կառավարմանը։ 1265թ. կազմել է իր նշանավոր դատաստանագիրքը, որը Կիլիկյան Հայաստանում գործադրվել է մինչև պետության անկումը (1375թ.)։ 1265թ. Հին ֆրանսերենից հայերեն է թարգմանել «Անտիոքի ասիզները»։ Գրել է նաև պատմական երկ (հայտնի է «Տարեգիրք» վերնագրով), որը Մեծ Հայքում, Կիլիկիայում և այլուր կատարված քաղաքական դեպքերի համառոտ ժամանակագրությունն է (բովանդակում է 951-1272թթ պատմությունը)։ Այն շարունակել են այլ ժամանակագիրներ՝ անցքերի շարադրանքը հասցնելով մինչև 1336թ.։ 10-12-րդ դարերի պատմությունը շարադրել է Մատթեոս Ուռհայեցու, Գրիգոր Երեց Քեսունցու, Միքայել Ասորու, Գուլիելմոս Տյուրոսացու երկերի հիման վրա, իսկ իր սպարապետության ժամանակաշրջանը ներկայացրել է պատմական անցքերին ու իրադարձություններին ականատես հեղինակի ու մասնակցի գրչով։ Հանգամանորեն շարադրել է հայ-բյուզանդական, հայ-արաբական, հայ-վրացական, հայ-սելջուկյան հարաբերությունները, մոնղոլների հետ ռազմական և քաղաքական կապերը, Հեթում Ա-ի Կարակորում կատարած ճանապարհորդությունը, հայերի արտագաղթը Մեծ Հայքից դեպի օտար երկրներ, դատապարտել խաչակիրների արկածախնդիր և զավթողական քաղաքականությունը Կիլիկյան Հայաստանի նկատմամբ։ Տեղեկություններ է հաղորդում նաև հայ իշխանների, նրանց պատկանող հողերի և իրավունքների, ներքին հակամարտությունների մասին, որոնք թեև աղոտ, բայց պատկերացում են տալիս Կիլիկյան Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական հարաբերությունների ընդհանուր վիճակի մասին։ Երկն առաջին անգամ հրատարակվել է 1856թ., Մոսկվայում, «Պատմութիւն Յունաց ի Կոստանդնուպոլիս և Հայոց Մեծաց ըստ կարգի ժամանակաց» վերնագրով։ «Տարեգիրքը» Վ.Լանգլուայի ֆրանսերեն թարգմանությամբ 1862թ. հրատարակվել է Պետերբուրգում (մասամբ), 1869թ.՝ Փարիզում (Է.Գյուլորիեի թարգմանությամբ)։ Մոնղոլների՝ Միջին Ասիայից Իրան ներխուժելու պատմության հատվածի ռուսերեն թարգմանությունը 1873թ. հրատարակել է Քերովբե Պատկանյանը։ Պատմագրի անունով պահպանվել են նաև արձանագրություններ, նամակներ (արժեքավոր է հատկապես 1247թ. Կիպրոսի թագավոր Հենրիխ Լուսինյանին գրած ֆրանսերեն նամակը), չափածո գործեր։ Վերջիններս ունեն գերազանցապես պատմական և փիլիսոփայական բովանդակություն։ Նշանավոր է 1269թ. նրա գրած «Ի ճաշոց գրիս» պոեմը, որը նվիրված է 1266թ. Եգիպտոսի սուլթանության դեմ Մառի վայրում հայկական զորաբանակի մղած ճակատամարտին։ Զբաղվել է նաև քերականությամբ։ Նրա պատվերով գրված «Ավետարանում» (պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում) պահպանվել են նրա ձեռքով արված քերականական շտկումները, ճիշտ ընթերցանությանը նպաստելու համար դրված առոգանության նշանները։ Գրել է դյուրին, խոսակցականին մոտ հայերենով։ Զոհվել է Սարվանդիքարի ճակատամարտում։