Encyclopedia

ԳՐԻԳՈՐ ՂԱՓԱՆՑՅԱՆ

Լեզվաբան, հայագետ

Ծնվել է Հայաստանի Աշտարակ քաղաքում: Սովորել է տեղի երկդասյան դպրոցում: 1899թ. մեկնել է Պետերբուրգ՝ ուսումը շարունակելու։ 1908թ. ավարտել է արական գիմնազիան, 1913թ.՝ Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժինը, աշակերտել Նիկողայոս Մառին, Կ.Զալեմանին, Ի.Բոդուեն դե Կուրտենեին, Նիկողայոս Ադոնցին, Ի.Զավախիշվիլուն։ Վերադառնալով հայրենիք՝ աշխատանքի է անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1914թ. տպագրվել է նրա գիտական առաջին գործը՝ «Լեզվաբանական դիսցիպլինաներ և լեզու»։ Այդ տարիներից մասնակցել է Անիի՝ Ն.Մառի ղեկավարած պեղումներին։ 1921թ. հրավիրվել է Երևանի համալսարան և դարձել հիմնադիր դասախոսներից մեկը։ 1920-54թթ ղեկավարել է համալսարանի լեզվաբանության ամբիոնը, դասավանդել ընդհանուր լեզվաբանություն, գրաբար և այլ առարկաներ։ Շուրջ հինգ տարի եղել է Հայաստանի ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի վարիչը, 1950-56թթ՝ ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի տնօրենը։ Զբաղվել է հայագիտության տարբեր հարցերով, լուծել հայոց լեզվի պատմության, հնագիտության կարևոր խնդիրներ։ Տիրապետելով փոքրասիական մի շարք մեռած լեզուների (խեթերեն, ուրարտերեն, խուռիերեն, պալայերեն)՝ սեպագիր արձանագրությունների խորազնին ուսումնասիրությամբ պարզել է հայերի էթնիկական կապերը հարևան ժողովուրդների հետ, լեզվական փոխառություններն ու փոխազդեցությունները։ Այդ առումով ուշադրության արժանի է «Chetto-armeniaca» (1931թ.) մենագրությունը, որտեղ քննել է հայերենի և խեթերենի շուրջ 200 բառեր ու ձևեր, լուսաբանել փոքրասիական մի շարք ժողովուրդների մշակույթի ու պատմության բարդ հարցեր։ Աշխատելով Ն.Մառի հետ՝ աստիճանաբար հեռացել է երիտքերականության դիրքերից և հարել Մառի սկզբունքներին, դա իր արտահայտությունն է գտել «Ընդհանուր լեզվաբանության» (1939թ.) մեջ։ Այս աշխատությունը ընդհանուր լեզվաբանության հայերեն առաջին ձեռնարկն է, որը փաստական հարուստ նյութ է պարունակում և տրամաբանական կուռ կառուցվածք ունի։ Այստեղ արդեն հեղինակը լեզուն բնորոշում է որպես պատմահասարակական երևույթ։ Ընդունելով Ն.Մառի որոշ դրույթներ, այնուամենայնիվ, շատ հարցերում (հնչյունափոխական օրենքներ) հեռացել է նրանից։ «Ուրարտուի պատմությունը» (1940թ.) մանրազնին ու բազմակողմանի ուսումնասիրություն է այդ պետության մշակույթի, սոցիալ-քաղաքական կյանքի և ուրարտերենի վերաբերյալ։ «Լեզվական ընդհանուր տարրեր ուրարտական և խեթական լեզուների միջև» (1936թ.), «Հին Հայաստանի տեղանունների պատմալեզվաբանական նշանակությունը» (1940թ.), «Խեթական աստվածները հայերի մոտ» (1940թ.), «Հայերենի խուռիտերեն բառերը» (1951թ.), «Ածանցները և ածանցված բառերը հին Փոքր Ասիայի տեղանուններում» (1948թ.) և այլ աշխատություններում հանգել է այն եզրակացության, որ փոքրասիական լեզուները հայերենի մեջ թողել են իրենց հետքերը (տեղանուններ, բայեր, մասնիկներ և այլն)։ Հնագույն բառերի ստուգաբանությամբ քննել է նաև հայերենի աղերսը կովկասյան լեզուների հետ («Հայերենի և լազո-մեգրելական լեզուների փոխհարաբերության մասին», 1952թ.), անդրադարձել հայերենի և վրացերենի (հատկապես արևմտյան ճյուղի լեզուների) առնչություններին։ «Հայաստան՝ հայերի բնօրրան» (1947թ.) աշխատությունը հայասա-ազզի ցեղերի որոշ տվյալների պատմական ու լեզվաբանական քննությունն է։ Մի կողմից նա քննել է Հայասան-Ազզի պետության քաղաքական-մշակութային հարաբերությունները հին փոքրասիական ժողովուրդների հետ, մյուս կողմից ձգտել է որոշել այդ ցեղերի ու նրանց լեզուների դերը հայ ժողովրդի և հայոց լեզվի կազմավորման ընթացքում, փորձել է տեսականորեն հիմնավորել լեզուների խաչավորման տեսությունը՝ հայոց լեզվի միջոցով, այն համարելով ասիանական-կովկասյան-հնդեվրոպական լեզու։ Անդրադարձել է նաև բարբառագիտական հարցերի, մանրամասն նկարագրել Աշտարակի խոսվածքը։ Նրա վերջին աշխատությունը «Հայոց լեզվի պատմությունն» է (հրտ.՝ 1961թ.), որտեղ քննության են առնված հայ ժողովրդի և հայերենի կազմավորման հարցերը, հայոց լեզվի հնդեվրոպական նստվածքը։ 1942թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1930թ-ից՝ պրոֆեսոր)։ 1943թ-ից եղել է Հայաստանի ԳԱ հիմնադիր կազմի անդամ, ակադեմիկոս։ 1942թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: