Encyclopedia
ՍԱՀԱԿԴՈՒԽՏ
Երգահան, երաժիշտ
Եղել է Դվինի կաթողիկոսարանի ավագերեց Սահակի դուստրը, նշանավոր գիտնական, շարականագիր Ստեփանոս Սյունեցու քույրը։ Պատմաբան Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ մանուկ հասակից ստացել է «զվարս կուսութեան» և, առանձնանալով Գառնիի ձորի մի քարայրում, ապրել է ճգնակեցությամբ, այդտեղ էլ կնքել իր մահկանացուն։ Հմտացել է երաժշտական ու բանաստեղծական արվեստի մեջ, ունեցել է աշակերտներ, որոնց ուսուցանել է վարագույրի ետևում նստած։ Հորինել է հոգևոր երգեր՝ կցուրդներ և «քաղցրեղանակ» մեղեդիներ։ Ստեփանոս Օրբելյանը հիշատակել է Աստվածամորը ձոնված նրա միայն մի ակրոստիքոս երգի վերնագիրը։ Ղևոնդ Ալիշանը հրապարակել է այդ երգի առաջին տան մի տարբերակ։ Երգի ամբողջական բնագիրը հետագայում հայտնաբերել ու հրապարակել է եպիսկոպոս, բանասեր Նորայր Պողարյանը։ Այն գրված է մեծացուսցե շարականների ոգով, բաղկացած է անհավասար տողերից, տների առաջին տառերով հոդվում է բանաստեղծուհու անունը (Սահակդուխտ)։ Երգը որոշակի ազդեցություն է ունեցել հայ շարականագրության զարգացման վրա։ Նրա մյուս ստեղծագործությունները հայտնի չեն։ Ենթադրվում է, որ մեզ հասած շարականների, հատկապես մեծացուսցեների մի մասը նրա գրչի արգասիքն է։ Որոշ բանասերների ենթադրությամբ՝ նրան է պատկանում նաև Վահան Գողթնացուն նվիրված հայտնի շարականը, որն ավանդաբար վերագրվել է վերջինիս քրոջը՝ Խոսրովիդուխտին։