Արսեն Կարապետյան
Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): Եղել է տենոր, օպերետի, էստրադայի արտիստ։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1869-71թթ աշխատել է Թիֆլիսի հայկական թատրոնում, 1871-72թթ՝ Թիֆլիսի իտալական օպերային խմբում, ապա՝ Վլադիկավկազի, Բրյանսկի, Ռոստովի և այլ քաղաքների թատրոններում։ Խաղացել է Մոսկվայի հանրամատչելի թատրոնում (1876թ-ից), ավելի ուշ՝ Մոսկվայի արտիստական խմբակում, գերազանցապես Լենտովսկու բեմադրած օպերետներում (Օֆենբախի «Կապույտ մորուք», «Երգեցիկ թռչուններ», «Գնչուական երգեր ըստ գործող անձանց»), 1879-82թթ՝ Մոսկվայի Փոքր թատրոնում, 1883թ-ից՝ «Էրմիտաժ» և այլ թատրոններում։ Երգչի ելույթը «Գնչուական երգեր ըստ գործող անձանց» երաժշտական խճանկարում, ուր կատարել է գնչու Անտիպի դերը, նրան մեծ հռչակ է բերել. այնուհետև նա գերազանցապես երգել է էստրադայում՝ որպես գնչուական ռոմանսների հանրահայտ կատարող («Զույգ աշխետ ձիեր», «Հեռացիր», «Լաց եղիր, մի թաքցնիր հեկեկոցդ» և այլն)։ Ելույթներ է ունեցել նաև մելոդեկլամացիայով։ Եղել է Վերստովսկու «Ասկոլդի գերեզմանը» օպերայում Տորոպկայի դերերգի լավագույն կատարողը։ 1892թ. համերգ է տվել Փարիզում։ Սերտորեն կապված է եղել հայ իրականությանը, երգել է հայկական երգեր, 1883թ. Պետրոս Ադամյանին ծանոթացրել է դրամատուրգ Ա.Օստրովսկու հետ։ Մահացել է Պետերբուրգում: