Ծնվել է Թիֆլիսում, ցարական աննշան պաշտոնյայի ընտանիքում: Ծնողները եղել են Սանահին գյուղից: Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում 1851թ-ից, բայց շուտով թողել է այն, 1854թ. Երեսփոխյանի պանսիոնում որոշ ժամանակ սովորելուց հետո մտել է Թիֆլիսի գիմնազիա, որից ստիպված է եղել դուրս գալ վեցերորդ դասարանից՝ բրոնխիտ հիվանդության պատճառով: Թեև համալսարանական կրթություն չի ստացել, սակայն զբաղվելով ինքնակրթությամբ դարձել է իր դարի զարգացած մարդկանցից մեկը: Գիմնազիան թողնելով և կյանքի ասպարեզ մտնելով՝ ընտրել է սկզբում պետական ծառայությունը, միարժամանակ զբաղվելով գրականությամբ: Շուրջ հինգ տարի ծառայել է Կովկասի փոխարքայության պալատում, ապա նահանգական կառավարչական դիվանատանը, այնուհետև՝ գլխավոր վարչությունում և այլն: 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նշանակվել է Լոռիս-Մելիքովի և Շելկովնիկովի մոտ, որպես առանձին հանձնարարությունների պաշտոնյա: Պատերազմից հետո 80-ական թվականներին աշխատանքի է անցել պետական կալվածքների նախարարությունում: 1880թ. Թիֆլիսի Ռուսական հնագիտական արշավախումբը Երցյանի ու Ա.Ուվարովի գլխավությամբ նախաձեռնել է հայոց Արմավիր մայրաքաղաքի հետախուզական պեղումները: 1888թ. ստիպված թողել է ծառայությունը, քանի որ պետական գործերով հաճախակի կատարած գործուղումները քայքայել էին նրա առանց այդ էլ թույլ առողջությունը: Կյանքի վերջին 14-15 տարիները անցկացրել է տանը, ամբողջապես նվիրվելով գիտությանը: Մահացել է Թիֆլիսում, թաղված է տեղի Խոջիվանքի գերեզմանատանը: