Zark Foundation

Աբգար Ափինյան

Աբգար Ափինյան

Գրականագետ

Ծնվել է 1960թ. փետրվարի 5-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև` համալսարանի ասպիրանտուրան: 1986թ. «Ստեփան Զորյանը և ռուս գրականությունը» թեմայով ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1987թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում, 2003թ-ից` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (2007թ-ից՝ դոցենտ): 1994-96թթ եղել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամլո դիվանի պետը, Գարեգին Առաջին Վեհափառ Հայրապետի մամլո քարտուղարը, 1996-2001թթ` Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, 1995-ից` ՀԳՄ «Նոր-Դար» ամսագրի գլխավոր խմբագիրը, 2001թ-ից` խմբագրական խորհրդի նախագահը: 2011թ. ընտրվել է Երևանի գրողների միության նախագահ: 2005թ. մասնակցել է Կիևի «Տարաս Շևչենկո-Հովհաննես Թումանյան» միջազգային գիտաժողովին: 2005թ-ից Ստեփան Զորյանի գրական ժառանգության հանձնաժողովի նախագահն է, 2011թ-ից՝ «Մշակույթ» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը։ Գիտական աշխատանքներից են՝ «Ստեփան Զորյանը և ռուս գրականությունը» (1988թ.), «Համաշխարհային գրականություն» (Դասագիրք միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար, երկրորդ մաս, համահեղինակ՝ Մ.Ասլանյանի, 1995թ.), «Գրականություն և ճակատագիր» (1996թ.), «Կարմիր լիալուսին, Վարդան Գրիգորյանի պատմավեպը» (1997թ.), «Սիրո տարածություն. Երեք էտյուդ Մարո Մարգարյանի մասին» (1999թ.), «Վլադիմիր Մայակովսկու մահն ու անմահությունը» (2002թ.), «18-19-րդ դդ ռուս գրականության պատմության ակնարկներ։ Գիրք Ա» (2007թ.), «19-րդ դարի ռուս գրականության պատմության ակնարկներ, գիրք Բ» (2007թ.), «20-րդ դարի ռուս գրականության պատմության ակնարկներ. գիրք Գ» (2007թ.), «Մշակութաբանություն. Մշակույթի տեսություն» (2008թ.), «Ստեփան Զորյան, Արձակի արվեստը» (2009թ.), «Արդի գրականություն» (2010թ.), «Մշակույթ և գրականություն» (2012թ.) գրքերը: Արժանացել է Գրականության և արվեստի ազգային ակադեմիայի ոսկե մեդալի: