Zark Foundation

Աբգար Թոխաթեցի

Աբգար Թոխաթեցի

Տպագրիչ, եկեղեցական, պետական գործիչ

5 հուլիս, 1520 - 12 հունիս, 1572

Ծնվել է Թոխաթում (այժմ՝ Թուրքիայում): Հայրը եղել է Ամիրբեկը, մայրը՝ Եվան։ Ժամանակակիցներին ներկայացել է իբրև Արծրունյաց թագավորական տան շառավիղ։ 1562թ. Էջմիածնի Միքայել Սեբաստացի կաթողիկոսը, որ այդ ժամանակ ապաստանել էր հայրենի Սեբաստիայում, Աբգարի գլխավորությամբ պատգամավորություն ուղարկեց Հռոմ՝ Հայաստանի ազատագրության և դավանաբանական հարցերով։ Այդ առաքելությունը շոշափելի արդյունք չտվեց, բայց Աբգարի Իտալիայում գտնվելը կարևոր նշանակություն ունեցավ հայ տպագրության զարգացման համար։ Հռոմի Պիոս 4-րդ պապից և Վենետիկի Հերոնիմոս Դոժից հայերեն գրքեր տպագրելու իրավունք ստանալով՝ 1565թ. Վենետիկում տպագրել է «Խառնայ փնթուր տումարի» օրացույցը (մեկ էջի վրա) և Սաղմոսարան (վերջինս մինչև 1880-ական թվականները սխալմամբ համարվել է հայերեն առաջին տպագիր գիրքը, իսկ Աբրահամը առաջին հայ տպագրիչը)։ Այնուհետև տեղափոխվել է Կ.Պոլիս, որտեղ հիմնել է տպարան։ Այստեղ տպագրել է ևս 6 գիրք. 1567թ.՝ «Փոքր քերականութիւն», 1568թ.՝ «Պարզատումար», «Ժամագիրք» և «Պատարագամատոյց» (միասին), «Տօնացոյց», «Տաղարան», 1569թ.՝ «Մաշտոց»։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա տպագրությունն սկսել է ձեռքի տակ ունենալով հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի գրքերը։ Պահպանվել է հայերի դավանանքի և ազգային սովորությունների մասին Պիոս 4-րդ պապի առաջարկով Աբգարի հեղինակած մի գրությունը (լատիներեն թարգմանությամբ): Հայտնի է եղել նաև Սաֆար Աբգար, Աբգար Եվդոկացի, Աբգար Դպիր անուններով: