Ծնվել է Թիֆլիսում: 1928թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը: 1938թ. ստացել է պատմական գիտռությունների դոկտորի գիտական աստիճան (1938թ-ից՝ պրոֆեսոր): 1931-60թթ մանկավարժական աշխատանք է կատարել Երևանի համալսարանում, որտեղ 1938թ-ից եղել է նոր պատմության ամբիոնի վարիչը, ապա գիտական գծով պրոռեկտորը: Դասավանդել է նաև ռուսական մանկավարժական ինստիտուտում: 1947թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս, 1947-53թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենը, 1949-60թթ՝ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: 1960թ-ից վարել է ՀՀ ԳԱ փոխնախագահի պաշտոնը: Նրա գիտական ուսումնասիրությունները նվիրված են Ֆրանսիայի և հայ ժողովրդի պատմության նոր շրջանի խնդիրների լուսաբանմանը: Եվրոպական լեզուների իմացությունը, պատմագիտական լայնախոր պատրաստությունը հնարավորություն են տվել նրան ստեղծելու Ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարախոսության, ուտոպիստ սոցիալիստների հասարակական-քաղաքական ուսմունքին նվիրված մեծարժեք մենագրություններ: Այդ աշխատությունները գրված են աղբյուրագիտական հարուստ նյութերի, այդ թվում Ֆրանսիայի տարբեր արխիվներից քաղված նորահայտ փաստաթղթերի հիման վրա: Նրա «Կոմունիստական գաղափարները Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին» ուսումնասիրությունը (1966թ., ռուսերեն) արժանացել է ԽՍՀՄ ԳԱ Վոլգինի անվան մրցանակի (1974թ.): Պատմաբանի գիտական աշխատությունների մյուս շարքը նվիրված է 18-րդ դարի 2-րդ կեսի և 19-րդ դարի 1-ին տասնամյակների հայ ազատագրական շարժումներին, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը, Անդրկովկասն ու Արևելյան Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ ազատագրելու հարցում Անգլիայի ու Ֆրանսիայի՝ երկրամասի ժողովուրդների շահերին հակասող քաղաքականության և հարակից խնդիրների բացահայտմանը: Մասնակցել է հայ և այլ ժողովուրդների, համաշխարհային պատմության, Սովետական պատմական հանրագիտարանի բազմահատոր աշխատությունների ստեղծմանը, բազմիցս ներկայացրել սովետական պատմագիտությունը պատմաբանների միջազգային հավաքներում: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով: 1940թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: