Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է լրագրող, հրապարակախոս Գևորգ Այվազյանի եղբայրը: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Մայր վարժարանում։ 1863թ. եղել է Արտավազդյան թատերական ընկերության անդամ։ 1865թ. մեկնել է Խարբերդ, զբաղվել ուսուցչությամբ։ Մեկ տարուց վերադարձել է Կ.Պոլիս, որտեղ եղբոր հետ 1869թ. հիմնել է «Մամուլ» երգիծաթերթը։ «Մամուլ» պարբերականում և այլ թերթերում տպագրել է հոդվածներ, ակնարկներ։ «Բյուզանդիոն» թերթում տպագրել է մի շարք նշանավոր հայերի կենսագրություններ։ 1860-ական թվականներին լույս է ընծայել բանաստեղծությունների և այլ բնույթի մի քանի գրքույկներ, ինչպես «Արտասուք հայ մանկան», «Ի մահ Մամիկոնյան Վարդանա հայ դյուցազնին» (1862թ.), «Առաջին մրմունջք» (1864թ.), «Անակրեոնյան նվագք» (1865թ.) և այլն։ Առավել ուշագրավ է նրա «Շար հայ կենսագրությանց» (1893թ.) եռահատոր աշխատությունը, որը պարունակում է 18-19-րդ դարերի մշակութային մի շարք գործիչների կենսագրությունները։ Հակառակ համիդյան գրաքննական խստություններին, այդ հատորում տեղ են գտել նաև Խաչատուր Աբովյանն ու Միքայել Նալբանդյանը, գրաքննական նկատառումներով առաջինը ներկայացվել է որպես Քանաքեռցի Խաչատուր, Նալբանդյանը որպես Միքայել Պայտարյան: Մահացել է Կոստանդնուպոլսում: