Zark Foundation

Աբրահամ Ա Աղբաթանեցի

Աբրահամ Ա Աղբաթանեցի

Եկեղեցական գործիչ, մատենագիր

6-րդ դար - 615

Ամենայն հայոց 26-րդ կաթողիկոս
Ծնվել է Ռշտունիքի գավառի Աղբաթանք գյուղում: Եղել է Ռըշտունիք գավառի եպիսկոպոսը: Նրա օրոք է տեղի ունեցել Վրաց եկեղեցու բաժանումը Հայ եկեղեցուց: 6-7-րդ դարերում, ինչպես ողջ քրիստոնյա Արևելքում, այնպես էլ հայկական և բյուզանդական եկեղեցիների միջև սրվել էր պայքարը դավանական հարցերի շուրջ: Այդ պայքարն ընթացել է քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների, նեստորականների և արևելյան եկեղեցիների, այդ թվում՝ Հայ եկեղեցու միջև: Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև շարունակվող պատերազմում երկու կողմերն էլ ձգտել են իրենց կողմը գրավել քրիստոնյաներին՝ այդ քաղաքականության մեջ մեծ տեղ հատկացնելով դավանական խնդիրներին: Չնայած արդեն 5-րդ դարի վերջին նեստորական եկեղեցին Պարսկաստանում պաշտոնապես ճանաչում էր ստացել, սակայն քաղկեդոնականություն ընդունած Բյուզանդիայի ազդեցությունից հայերին հեռացնելու համար Պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորը պաշտպանել է Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքը և խրախուսել հակահունական տրամադրությունները: Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի (6-րդ դարի վերջ) միջոցով հեռացնելով Հայաստանի հունաց մասի հակաթոռ Հովհաննես կաթողիկոսին, որին հաստատել էր բյուզանդական Մավրիկիոս կայսրը (591թ-ից), թույլատրել է Հայաստանի մայրաքաղաք և կաթողիկոսանիստ Դվինում կառուցել նոր եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ Պարսից ժողովում Հայ եկեղեցու դավանանքը ճանաչել է միակ ուղղափառ դավանությունը Պարսից տերության սահմաններում: Աբրահամ Ա Աղբաթանեցին կաթողիկոս է ընտրվել 607թ. ապրիլի 30-ին: Նրա օրոք պայքարը բյուզանդական և պարսկական կողմնորոշում ունեցող քրիստոնյաների (հայեր, վրացիներ, ասորիներ) միջև շարունակվել է քաղկեդոնական և հակաքաղկեդոնական դավանանքի քողի տակ: Չնայած Աբրահամ Ա Աղբաթանեցու ջանքերին՝ հետ պահել Վրաց Կյուրիոն կաթողիկոսին քաղկեդոնականություն ընդունելուց և հույների հետ դավանական միություն հաստատելուց, այնուամենայնիվ 608թ. Վրաց եկեղեցին ընդունել է քաղկեդոնականությունը: Այդ շրջանի իրադարձությունների, դավանական թեժ պայքարի կարևոր վավերաթղթեր են «Գիրք թղթոցում» պահպանված՝ Աբրահամ Ա Աղբաթանեցու եպիսկոպոսական և կաթողիկոսական գործունեությանը վերաբերող թղթերը, շրջաբերական գրությունները՝ ուղղված Վրաց Կյուրիոն կաթողիկոսին, Ցուրտավի Մովսես եպիսկոպոսին, Վրթանես Քերթողին, Վրկանաց մարզպան Սմբատ Բագրատունուն: Հատկապես Վրաց Կյուրիոն կաթողիկոսին գրած թղթերում Աբրահամ Ա Աղբաթանեցին շեշտել է Հայոց, Վրաց և Աղվանից եկեղեցիների միությունը 6--դ դարի սկզբին, երբ նրանք միասնաբար պայքարել են Հույն եկեղեցու նկրտումների և քաղկեդոնականության դեմ: Հայոց կաթողիկոսն իր թղթերում կարևոր տեղեկություններ է հաղորդել Դվինի 506թ. ժողովի ընդունած որոշումների, Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքորոշման վերաբերյալ: Ըստ Աբրահամ Ա Աղբաթանեցու, Դվինի ժողովի գլխավոր նպատակը Քաղկեդոնի և քաղկեդոնականության խնդիրների հանդեպ Հայ եկեղեցու և նրա ավագությունն ու գահերեցությունն ընդունող Վրաց և Աղվանից եկեղեցիների դավանական դրության պարզեցումն էր, միասնական պաշտոնական դիրքորոշման արտահայտումը: Աբրահամ Ա Աղբաթանեցու գրություններն օգտագործել են հետագա դարերի հայ պատմիչներն ու մատենագիրները՝ Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման դեպքերը շարադրելիս, իսկ Ուխտանես եպիսկոպոս պատմիչը Աբրահամ Ա Աղբաթանեցու 14 թղթերից 11-ը զետեղել է իր «Պատմություն Հայոց» գրքի «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց» հատվածում: Աբրահամ Ա Աղբաթանեցին գրել է նաև դավանական բնույթի ճառեր: Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Կոմիտաս Ա Աղցեցին: