Ադա Գավրիլովա
Ծնվել է 1941թ. նոյեմբերի 4-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Գեղանկարիչ Ռուբեն Ղևանդյանիկինն է: Հաճախել է Հարություն Կալենցի արվեստանոց: 1965թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: Զբաղվում է գեղանկարով, գրաֆիկայով, ուսումնասիրել է Հայաստանի պատմական ծիսական հագուստը, գրել և հրատարակել է գրքեր, ալբոմներ, հոդվածներ ժամանակակից և հին արվեստի մասին: 1977-87թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, դասավանդել է գեղանկար, գծանկար և կոմպոզիցիա: 1991-2001թթ դասավանդել է «Հայկական ծիսական հագուստ» առարկան Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Բաց համալսարանում, Գեղեցիկ արվեստների համալսարանում: 1990թ-ից գեղանկարի, գրաֆիկայի, ասեղնագործության հետ մեկտեղ գրել է արխայիկ արվեստի տեսության և ժամանակակից արվեստի հետ նրա կապի մասին գրքեր: Ստեղծագործություններից են՝ «Տիկինը սևով» (1968թ.), «Փշով աղջիկը» (1969թ. մասնավոր հավաքածու), «Զվարթնոց» (1969թ.), «Ազատագրում» (1970թ.), «Սայաթ Նովա» (1976թ.), «Շուշանիկ Կուրղինյան» (1977թ.), «Արևելյան նատյուրմորտ» (1977թ.) և այլն: Հեղինակել է գրաֆիակական աշխատանքներ պարսկական քնարերգության թեմաներով (1977-80թթ), մինիմալիզմ («Պահարանի դուռ», «Տուփ», «Բաժակ», «Պլաստմասե աման», «Ներարկիչ» և այլն), «Կուռքեր» (1985-87թթ, Մոսկվայի Ա.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան), «Հոգիներ» (1992թ.), «Խորհրդանիշներ» (1995-2000թթ) գրաֆիկական շարքեր, «Գրավիտացիա» (2012թ.), «Կերան» (2013թ.), «Լևոն Գ-ի և Կերան թագուհու ամուսնությունը» (2013թ.) գեղանկարչական գործեր և այլն: Աշխատություններից են՝ «Ռուբեն Ղևոնդյան» (2004թ., կատալոգ), «Այծեմնիկ Ղևոնդյան» (2004թ., կատալոգ), «Հայկական ծիսական գլխարկ» (2004թ., ռուսերեն), «Հետահայաց՝ Բագրատունիների Հայաստանի մայրաքաղաքը Անին» (2012թ.), «Հայ արքաների ծիսական հանդերձանքը» (անտիպ): Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1983թ., 1985թ.), Գյումրիում (1985թ.), Վանաձորում (1986թ.), Փարիզում (1982թ., 2001թ.): 2002թ. Երևանում հանդես է եկել ցուցահանդեսով Ռուբեն Ղևոնդյանի և Այծեմնիկ Ղևոնդյանի հետ: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Էջմիածնի քաղաքային պատկերասրահ-թանգարանում, Վանաձորի գեղարվեստի թանգարանում և այլուր: