Zark Foundation

Ազատ Գասպարյան

Ազատ Գասպարյան

Դերասան

13 օգոստոս, 1943 - 2 օգոստոս, 2013

Ծնվել է Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Որպես դերասան աշխատել է բազմաթիվ թատրոններում, կինոյում և հեռուստաթատրոնում: 1969-71թթ խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1971-80թթ` Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական, 1980-84թթ` Հայկական հեռուստաթատրոնում, 1992-95թթ` «Մետրո» թատրոնում: 1984թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Փայլակ), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդ» (Տիրել), Ն.Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» (Շոշիա), Ե.Չարենցի «Երկիր Նաիրի» (Չարենց), Հ.Պարոնյանի«Պաղտասար աղբար» (Օգսեն), Ա.Քրիստիի «Էնդհաուզենի առեղծվածը» (Պուարո) և այլն: 1984թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Կարոտ» (1990թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում: 2004թ. Բեյրութում բեմադրվել է «Հանրապետության նախագահ» կոմեդիան` նվիրված դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակին: 1999թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն: 2000-04թթ եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1965թ-ից` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 1980թ-ից` վարչության անդամ: Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Ձայնագրել է Ե.Չարենցի, Սիամանթոյի, Վ.Տերյանի, Պ.Սևակի և այլոց երկերը: 2011թ. թողարկած ձայնասկավառակում հնչեցրել է Ե.Չարենցի «Խմբապետ Շավարշը» և «Պատմության քառուղիներով» պոեմները: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել մի շարք երկրներում` Ռուսաստան, Լիբանան, Ֆրանսիա, Անգլիա, Իրան, ԱՄՆ, Կանադա և այլն: 2005թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: 2006թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանների, 2003թ.` Հայաստանի վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: