Ծնվել է 1942թ. սեպտեմբերի 24-ին, Թեհրանում: Նախնական և միջնակարգ կրթությունն ստացել է Աբադանի հայոց և պետական դպրոցներում: Ավարտել է Սպահանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժինը, Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտի հայոց լեզվի բաժինը, զուգընթաց ուսանելով Սորբոնի համալսարանի համեմատական գրականության ամբիոնում: 1972թ. Հրավիրվել է Սպահանի պետական համալսարանում աշխատելու, որպես հայոց լեզվի և գրականության դասախոս, որտեղ աշխատել է ավելի քան 40 տարի: Եղել է Նոր Ջուղայի Ներկայացուցչական և Պատգամավորական ժողովների անդամ, Իրանահայ ազգային և մշակութային միության վարչության նախագահը, «Հանդես» գրական-գեղարվեստական եռամսյայի խմբագրության անդամ: 2010թ. «Ջուչի» խորագրով փայտյա քանդակների ցուցահանդես է ունեցել Սպահանի ժամանակակից արվեստի թանգարանում: 2014թ. տեղափոխվել է ԱՄՆ: «Վտարանդին», «Ուխտավորներ», և «Այնուամենայնիվ» գործերի մեջ փորձել է պատմել իր հոգու պատմությունը: Հրատարակվել են նրա «Անապատի ծաղիկներ» (1981թ.), «Չընդհատվող եղանակ» (1995թ.), «Աշխարհի գերբը» (2012թ.) բանաստեղծությունների ժողովածուները, «Մատյան ողբերգության» (1983թ.), «Օմար Խայամ» (2007թ.), «Հաֆեզ» (2007թ.), «Նոր ժամանակներ» (2009թ.), «Սովորական հրաշք» (2011թ.) թարգմանությունները, «Ո՞վ է Չարենցը (Ա)» (1983թ.), «Վերադարձ դեպի» (2008թ.), «Ո՞վ է Չարենցը (Բ)» (2012թ.) ուսումնասիրությունները: 2001թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշանի, ապա՝ Սբ. Էջմիածնի և Հայաստանի գրողների միության «Կանթեղ» թարգմանական մրցանակի: