
Բանաստեղծ
17 հուլիս, 1894 - 26 մարտ, 1958
Կարապետ Մամիկոնյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Երեմյան դպրոցում։ 1908-11թթ սովորել է Կոստանդնուպոլսի կենտրոնական վարժարանում։ Բանաստեղծի գրական անունը 1910-ական թվականների հայ մտավորականության տրամադրությունների արտահայտությունն է։ Հայ ժողովրդի կյանքում հակասական էին ազատության իղձն ու վիշտը, որից էլ ծնվում է «Ազատ Վշտունի» գրական անունը։ Ի դեպ` նույն անունն է կրել գրական փորձեր կատարող թիֆլիսցի մի երիտասարդ, որի անվան դեմ բանաստեղծը բողոքի նամակ է տպագրել։ Բացի այդ, ստորագրել է նաև Կարապ, Ազատ, Կարապետ Թաշճյան, Սեիդ էլ Նուր անուներով։ 1911թ. մեկնել է Փարիզ և դարձել Սորբոնի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետի ազատ ունկնդիր։ 1914թ. մեկնել է Թիֆլիս։ 1918-19թթ աշխատել է Թիֆլիսի Հին Ներսիսյան որբանոցում, որտեղ հիմնադրել է «Փարոս» տպագիր հանդեսը։ 1919-20թթ եղել է Ղրիմում։ Հայրենադարձության գործով 1921թ. մեկնել է Իրան և Իրաք։ Խմբագրել է «Մուրճ» ամսագիրը (1922թ.), «Դիրքերում» երկշաբաթաթերթը (Թիֆլիս, 1924թ.), «Մուրճ-մանգաղ» թերթը (Դոնի Ռոստով, 1926-27թթ), «Գեղարվեստի ֆրոնտում», «Խորհրդային Հայաստան»-ի գրական հավելվածը (Երևան, 1930թ.), «Խորհրդային արվեստ» (Երևան, 1932-34թթ) ամսագիրը։ Եղել է Սովետական Հայաստանի գրական առաջին կազմակերպության` Սովետական Հայաստանի գրողների ասոցիացիայի նախագահը, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի ներկայացուցիչը Մոսկվայում (1925թ.), ՀԽՍՀ լուսժողկոմատի արվեստի սեկտորի վարիչը (1929թ.), գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամ։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939թ. արդարացվել է և վերադարձել Երևան: Հրատարակված երկերից են՝ «Սրտիս լարերեն» (1915թ.), «Կամավորի հուշատետրից» (1915թ.), «Բանաստեղծություններ» (1918թ., 1929թ.), «Հուզանք ու զանգ» (1923թ.), «Neo orientana» (զարթնող Արևելքի երգեր, 1923թ.), «Սալամնամե» (1924թ.), «Արևելքը հուր է հիմա» (1927թ.), «Խոսում է ռադիո-Ալժիրը» (1931թ.), «Երկեր» (1935թ., 1956թ., 1960-61թթ), «Ռամ Ռոյ» (1936թ.), «Լուսադեմին» (1939թ.), «Ընտիր երկեր» (1941թ.), «Նոր սերունդը» (1941թ.), «Վիլլի Վոլֆ» (1941թ.), «Երբ կայծակը փայլատակում է» (1942թ.), «Մանկական ռազմախաղ» (1942թ.), «Հատընտիր» (1944թ.), «Մանկիկն ու կատվիկը» (1944թ.), «Սեր և ատելություն» (1946թ.), «Երկերի ժողովածու» (1947թ.), «Մանկության օրեր» (1953թ.), «Բանաստեղծություններ և պոեմներ» (1954թ.), «Ընտիր երկեր» (1971թ.), «Գիրք մանուկների համար» (1972թ.), «Երբ կայծակը փայլատակում է» (վիպերգ): Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, քրդերեն, ֆրանսերեն, չինարեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում: