Ազնիվ Մինասյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Բեմ է բարձրացել 1869թ., Կ.Պոլսի «Արևելյան թատրոնում», Հայկանուշի դերով («Հայկ Դյուցազն»): Հանդես է եկել Պետրոս Մաղաքյանի գլխավորած «Արևելյան», ապա Հակոբ Վարդովյանի «Օսմանյան» թատերախմբերում, խաղացել պատմահայրենասիրական ողբերգություններում, իտալական ու ֆրանսիական մելոդրամներում` «Փարիզի աղքատներ», «Սեր առանց համարման», «Երկու հիսնապետներ», «Պիեռ դ’Արեցցո», «Կատրին Հովարդ», «Քույր Թերեզա» և այլն: Բեմական կյանքի առաջին շրջանում, չնայած սենտիմենտալ-ռոմանտիկական խաղացանկին, հակում է ցույց տվել դեպի ռեալիզմը, հոգեվիճակների ճշմարիտ վերարտադրությունը: Դերասանուհու այդ ձգտումը հիմնավոր հող է գտել սկսած 1880-ական թվականներից, երբ խաղացել է Թիֆլիսի հայկական թատերախմբում: Խաղացած ներկայացումններից են` Մուրացանի «Ռուզան» (Ռուզան), Շիլլերի «Օռլեանի կույսը» (Ժանևա դ’Արկ), Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Պորցիա), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Սոֆյա), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Նինա), Ժ.Օնեի «Դարբնոցապետ» (Կլարա), Ա.Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» (Մարգարիտ Գոթիե) և այլն: 1883թ. թողել է բեմը, 1893-94թթ դարձյալ խաղացել է Թիֆլիսի հայկական թատերախմբում, 1890-1900թթ` Բաքվի հայկական թատրոնում: Եղել է դասական ռեալիզմի խոշոր վարպետներից հայ նախահեղափոխական թատրոնում: Նրա արվեստին բնորոշ է եղել խորը հուզականությունն ու դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական երանգների հարստությունը, կերպարի վարքագծի սոցիալական և հոգեբանական շերտերի օրգանական համադրումը: Մահացել է Դիլիջանում: