Zark Foundation

Աիդա Հարությունյան-Սեգալ

Աիդա Հարությունյան-Սեգալ

Պարուհի, պարուսույց

Ծնվել է 1945թ. մարտի 8-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1963թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժինը՝ Ա.Բոգանկովայի դասարանը: 1970թ. ավարտել է նաև Երևանի Վ.Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների բաժինը: Դեռ պարարվեստի ուսումնարանում սովորելու տարիներին ընդգրկվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբում, պարել Ա.Ադանի «Ժիզել», Ա.Խաչատրյանի «Սպարտակ», Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» և այլ բեմադրություններում: 1968-70թթ եղել է Հայաստանի երգի-պարի անսամբլի մենապարուհի, որտեղ մեծ հռչակ է ձեռք բերել Ազատ Ղարիբյանի բեմադրած Ա.Խաչատրյանի «Սուսերով պար»-ի կատարմամբ: 1970-87թթ եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի մենապարուհի: Կատարել է բազմաթիվ մենապարային համարներ, այդ թվում՝ Վանուշ Խանամիրյանի բեմադրած «Սիրո պատմություն», «Վաղարշապատի պարը», «Կատակ պար», «Որսորդների պար», «Կռունկ», «Կակաչներ» և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել ավելի քան 40 երկրում: 1975-77թթ պարի և բեմական շարժման դասընթացներ է դասավանդել Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: 1987թ. իր բեմական զուգընկերոջ՝ Նորայր Մեհրաբյանի հետ հիմնել է «Բարեկամություն» պարային անսամբլը, որի փորձավարն ու դասավանդողն է եղել մինչև 1991թ.: Արժանացել է մի շարք դիպլոմների ու պատվոգրերի, 1977թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 1991թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ մինչև 1993թ. եղել է «Neubert Ballet Institute at Carnegie Hall» և «Nina's Gymnastics Center» բալետի դասընթացների վարողը: 1993թ. Նյու Յորքում բացել է «Dynamic Dance School» սեփական պարի դպրոցը, որտեղ մինչև 1997թ. դասավանդվել է թե՛ դասական, թե՛ տարբեր ոճերի ժամանակակից պարեր: 1997թ-ից բնակվել է Լոս Անջելեսում, որտեղ աշխատել է հնրահայտ «Վիկտորիա Սիքրեթս» ընկերությունում, եղել է խանութներից մեկի կառավարիչը: 2020թ. տեղափոխվել է Երևան մշտական բնակության: