Ծնվել է 1939թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում: 1964թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1967-73թթ աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, 1973-85թթ՝ ՀՀ ԳԱ գիտական ինֆորմացիայի կենտրոնի, 1985-88թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1972թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1986թ.՝ դոկտորի գիտական աստիճան (2009թ-ից՝ պրոֆեսոր): 1991թ-ից Հայ հասարակական մտքի և մամուլի բաժնի վարիչն է, 1988թ-ից, միաժամանակ՝ «Լրաբեր հասարակական գիտական» հանդեսի գլխավոր խմբագիրը: 1986թ-ից դասավանդել է ԵՊՀ-ում, 2011թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանիանվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: 2008թ-ից ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի լրագրության ամբիոնի վարիչն է։ Աշխատանքները վերաբերում են հայ մամուլի և հասարակական մտքի պատմությանը, հայ հասարակական հոսանքների և դրանց ներկայացուցիչների բնութագրին, ինչպես և Կոստանդնուպոլսի ու Զմյուռնիայի հայ գաղթօջախների պատմության հիմնահարցերին։ Կազմել է «Արևելյան մամուլ» (1871-09թթ) և «Մեղու» (1856-65թթ) հանդեսների մատենագիտությունները: Հրատարակվել են նրա «Արևմտահայ հասարակական մտքի և հրապարակախոսության պատմությունից» (1980թ.), «Օսմանյան գրաքննությունը և արևմտահայ մամուլը (1857-1896)» (վավերագրեր և ծանոթություններ, 1984թ.), «Արևմտահայ մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908թթ)» (1989թ.), «Հասարակական միտքը Զմյուռնիայում հայ մամուլում (1840-1900)» (1995թ.), «Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը 15-17-րդ դդ» (2007թ.), «Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922)» (2015թ.)մենագրությունները: 2008թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակին: 2010թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է: