Ծնվել է Թբիլիսիում: Եղել է բեմադրիչ Վարդան Աճեմյանի և դերասանուհի Արուս Ասրյանի որդին: 1955թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գրել է վեց սիմֆոնիա, որոնց մեջ կան նաև ծրագրային բնույթի գործեր` «Սասունցի Դավիթ» (1955-84թթ), «Յոթ երգ Հայաստանի մասին» (ըստ Գևորգ Էմինի, 1979թ.): Հեղինակել է նաև «Հովվերգական սիմֆոնիետ» (1984թ.), «Լորիկը», «Երևանը» սիմֆոնիաները, «Ռեքվիեմ», պոեմ-ռապսոդիա սիմֆոնիկ նվագախմբի համար (1957թ.), բալետային սյուիտ (1961թ.), կոնցերտինո ջութակի և դաշնամուրի համար (1949թ.), կոնցերտինո շեփորի և դաշնամուրի համար (1951թ.), Հովհաննես Թլկուրանցու խոսքերով վոկալ շարքը (1969թ.), սիմֆոնիկ և կամերային գործեր, վոկալ-գործիքային շարք, ռոմանսներ, երգեր, երաժշտություն թատերական ներկայացումների և կինոնկարների համար: Հայ երաժիշտներից առաջինն է եղել, որ սիմֆոնիկ նվագախումբ է մտցրել մարդկային ձայն (սոպրանո), ինչպես օրինակ` նրա երկրորդ սիմֆոնիան: Հեղինակել է հուզական և քնարական բազում երգեր: 1971-87թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1975թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1965թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: