Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է գեղանկաչուհի Արփենիկ Ղափանցյանի ամուսինը: 1942թ. ավարտել է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստական դպրոցը, 1947թ.` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը` Մարիամ Ասլամազյանիարվեստանոցը: 1947-53թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, ճարտարապետության և քանդակագործության ինստիտուտներում: 1953թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1973թ. Հայաստանի նկարիչների միության 10-րդ համագումարում ընտրվել է նախագահության անդամ: Գործերից են` Էդուարդ Խոճիկի դիմանկարը (1960թ.), Շեքսպիրյան նկարազարդումներ («Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Օթելլո» 1964-66թթ), «Վաղ գարուն: Գառնի» (1966թ.), «Նկարակալի առջև» (1973թ.), «Աղբյուրի մոտ» (1976թ.), «Արտավազդ 2-րդ, Անտոնիոս և Կլեոպատրա» (1978թ.), «Աշոտ Երկաթի ճակատամարտը...» (1979թ.), «Հայաստանի լեռներում» (1982թ.), «Ինքնանկար շնիկի հետ» (1984թ.), Գյուտ սրբազանի դիմանկարը (1996թ.), «Հայուհին եղնիկով» (2003թ.) և այլն: 1998թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Բաքվում, Լոնդոնում, Զագրեբում, Դոնեցկում, Լենինգրադում, Տորոնտոյում, Փարիզում և այլուր: Աշխատանքները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան, Արևելյան ժողովուրդների պատկերասրահներում, ՀԱՊ-ում, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարաններում, Լիտվայի, Դոնեցկի, Ղազախստանի պատկերասրահներում, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Լոս Անջելեսի, Բեյրութի, Փարիզի, Մադրիդի, Տորոնտոյի, Լոնդոնի, Նյու-Յորքի, Սան Պաուլոյի և այլ մասնավոր հավաքածուներում: 1961թ. Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» գրքի նկարազարդումների համար արժանացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալի: Տարբեր տարիների արժանացել է մի շարք պատվոգրերի և մրցանակների: 1959թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: