Zark Foundation

Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Թամանյան

Ճարտարապետ

16 մարտ, 1878 - 20 փետրվար, 1936

Ծնվել է Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար): Եղել է հայ նոր ճարտարապետության հիմնադիրը: 1904թ. ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: 1917թ. եղել է Ռուսաստանի գեղարվեստական ակադեմիայի խորհրդի նախագահը` փոխնախագահի իրավունքներով: 1904-06թթ հեղինակել է առաջին գործը` Պետերբուրգի Սբ. Կատարինե հայոց եկեղեցու վերակառուցումը (1779թ., ճարտարապետ` Յու.Ֆելտեն): Հետևելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներին` 1908թ. նախագծել է Անիի թանգարանը, որը չի իրականացվել: 1907-13թթ կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (1911-12թթ), Շչերբատովի տունը Մոսկվայում (1911-13թթ, Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալ, 1914թ.), Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի փայտաշեն համալիրը (1913թ.), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում (այժմ` Կրատովո, 1913-17թթ), որոնցում կիրառված են դասական և 18-19-րդ դարերի ռուսական ճարտարապետական ձևերը: 1919թ. տեղափոխվել է Երևան, 1921թ.` Իրան: 1923թ. հրավիրվել է Հայաստան: Եղել է ԺԿԽ գերագույն տեխնիկական բաժնի նախագահը, 1923թ-ից` պետպլանի փոխնախագահը, 1924թ-ց` Հուշարձանների պահպանության կոմիտեի, ապա` Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահը: Հայաստանում նրա ճարտարապետական առաջին գործը խորհրդային քաղաքաշինությունը սկզբնավորող երևույթներից էր` Երևանի գլխավոր հատակագիծը (150 հազար բնակչի համար, հաստատվել է 1924թ.), որի գաղափարները դարձել են ՀՀ մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: 1934թ. սկսել է «Մեծ Երևանի» (500 հազար բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925-33թթ կազմել է Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ` Գավառ), Ախտայի (այժմ` Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը: Նախագծել ու Երևանում կառուցել է` բժշկական ինստիտուտի անատոմիկումը (1926-33թթ), աստղադիտարանը (1930-33թթ), ԵԱԱԻ, ԵՊԻ (1927-33թթ), հանրային գրադարանի (1932-38թթ) շենքերը և այլն: Որպես ճարտարապետության խոշոր վարպետ, ճանաչվել է Երևանի գլխավոր հատակագծով, Երջրէկի (1923-26թթ), ՀՀ կառավարական տան (առաջին հերթը` Հողժողկոմատ, 1926-29թթ, հետագայում` կառավարական տուն, 1932-41թթ, ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1942թ., հետմահու), օպերայի և բալետի թատրոնի և մեծ համերգասրահի (1926-53թթ, սկզբնական նախագծերում` Ժողովրդական տան թատրոն) շենքերով: Կառավարական տունը և օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը` Հանրապետության հրապարակի անսամբլի (Հայաստանի Պետական մրցանակ` 1970թ., հետմահու), երկրորդը` թատրոնի (նախագիծը` 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մեդալ) շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի` Հյուսիսային պողոտայի կառուցապատումը: 1914թ. արժանացել է Ճարտարապետության ակադեմիկոսի, 1926թ.` Հայաստանի ժողովրդական ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց` հուշարձանով (1974թ.), շինարարական տեխնիկումը (1953թ.), Հայաստանի Ճարտարապետների միության տունը (1978թ.), թանգարան-ինստիտուտը (2001թ.): 2001թ. Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ: