Ալեքսանդր Կարապետյան
Ծնվել է Աստրախանում: 1904թ. ավարտել է տեղի երաժշտական ուսումնարանի երգեցողության բաժինը և շարունակել երաժշտական ուսումը Մոսկվայի երաժշտական դրամատիկական ուսումնարանում: 1909թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1911թ.` Մոսկվայի կոնսերվատորիան՝ Ու.Մազետտիի դասարանը: 1911-30թթ ելույթներ է ունեցել տարածաշրջանի բազմաթիվ քաղաքներում` Թիֆլիս, Պերմ, Կիև, Խարկով, Կազան, Սարատով, Ռիգա, Բաքու, Աստրախան, Տաշքենդ և այլն: 1932-42թթ եղել է Երևանի օպերային թատրոնի մեներգիչ (քնարական տենոր): Նրա կատարումը առանձնացել է երաժշտական նուրբ արտահայտչականությամբ, ձայնի տեմբրային քնքշությամբ, անմիջականությամբ ու քնարական ջերմությամբ: Դերերգերից են՝ Ալմավիվա (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»), Հերցոգ, Ալֆրեդ (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»), Պինկերտոն (Պուչչինիի «Չիո-Չիո-սան»), Լենսկի (Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Լիկով (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Շեյխ (Ա.Սպենդիարյանի «Ալմաստ»), Սարո (Ա.Տիգրանյանի «Անուշ»), Նազար, Սարոյան (Հ.Ստեփանյանի «Քաջ Նազար», «Լուսաբացին»), Հայկազ (Կ.Զաքարյանի «Մարջան») և այլն: 1939թ. մասնակցել է Մոսկվայում կայացած հայ արվեստի տասնօրյակին: 1942-55թթ ղեկավարել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: 1939թ. արժանացել է Պատվո շքանշանի, 1954թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: