Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 1961թ. ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը (Օ.Եվլախովի դասարան) և նվագախմբային ֆակուլտետի ջութակի բաժինը (Յ.Էյդլինի, Բ.Գուդնիկովի դասարաններ), 1964թ.` ասպիրանտուրան (ղեկավար՝ Դ.Շոստակովիչ): 1965թ-ից դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում: 1973թ-ից եղել է կոմպոզիտորական ֆակուլտետի դեկանը (1988թ-ից` պրոֆեսոր): Հեղինակել է մի շարք սիմֆոնիկ ստեղծագործություններ, Պոեմ ջութակի և դաշնամուրի համար (1954թ.), երկու ջութակի, ալտի և թավջութակի համար սյուիտ (1955թ.), երկու նախերգանք դաշնամուրի համար (1955թ.), Վարիացիաներ (1956թ.), Սյուիտ (1957թ.), Կվարտետ (1958թ.), Սոնատ ֆլեյտայի և դաշնամուրի համար (1959թ.), «Կամոյի հիշատակին» պոեմը նվագախմբի համար (1961թ.), «Սիմֆոնիա համար 1» (1963թ.), «Սիմֆոնիա համար 2» (1964թ.), «Սիմֆոնիա համար 3» լարային կամերային անսամբլի համար (1971թ.), երգչախմբի համար երաժշտություն (խոսք՝ Հ.Թումանյանի) և այլ գործեր, շուրջ 20 ֆիլմերի երաժշտություններ` «Երեկոյան դիտման երկու տոմս» (1966թ.), «Շրջանակ» (1972թ.), «Ոստիկանության սերժանտ» (1974թ.), «Հիշողություն» (1975թ.), «Հավերժության նշան» (1977թ.), «Լյուդմիլա» (1982թ.), «Կար-չկար մի բժիշկ» (1984թ.) և այլն: 1984թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Արժանացել է նաև Շոստակովիչի անվան դափնեկրի կոչման, 2005թ.` «Բարեկամություն» մեդալի: Մահացել է Սանկտ Պետերբուրգում: