Zark Foundation

Ալեքսանդր Չաուշյան

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Ծնվել է 1977թ. դեկտեմբերի 9-ին, Երևանում: Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի որդին է: 1984-92թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 12 տարեկան հասակում Իտալիայի Վերոնա քաղաքում ստացել է առաջին միջազգային պարգևը, որից հետո ջութակահար Լևոն Չիլինկիրյանի աջակցությամբ, 1992-95թթ սովորել է Լոնդոնի Եհուդի Մենուհինի նշանավոր դպրոցում` Մելիսա Ֆելպսի ղեկավարությամբ, իսկ 1995-99թթ` Երաժշտության և դրամայի Գիլհոլ դպրոցում` Օ.Կոգանի դասարանում: 1999-2003թթ վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թագավորական երաժշտական ակադեմիայում, 2003-05թթ` Բեռլինի «Hans Eisler Hochschule» երաժշտական բարձրագույն դպրոցում: Արժանացել է միջազգային մի շարք մրցանակների և պարգևների, այդ թվում` 1997թ. ամերիկյան «Նյու Ինգլենդյան մենակատարներ» նվագախմբի մրցանակի և ֆրանսիացի խոշորագույն թավջութակահար Պիեռ Ֆուրնիեի անվան մրցանակի: Որպես մենակատար ծավալել է ակտիվ համերգային գործունեություն` հանդես գալով Վիեննայի կամերային նվագախմբի, Լոնդոնի «Mozart Players» նվագախմբերի, Անգլիայի, Շվեյցարիայի, Բելգիայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև կազմակերպելով սեփական դաշնամուրային եռյակ և 2002թ-ից Ֆրանսիայի Բորդո քաղաքում անցկացրել է կամերային երաժշտության փառատոն` ի պատիվ Օրփեոսի և Բաքոսի: Այս ձեռնարկումներից հետո, 2002թ. Մոսկվայում արժանացել է Պ.Չայկովսկու անվան թավջութակահարների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին: