Zark Foundation

Ալեքսանդր Սպենդիարյան

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

20 հոկտեմբեր, 1871 - 7 մայիս, 1928

Ծնվել է Ուկրաինայի Կախովկա քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Սիմֆերոպոլի գիմնազիայում: Երաժշտական պարապմունքներն սկսել է ինը տարեկան հասակից: 1895թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է ջութակ նվագել, ընդգրկվել անսամբլներում, ուսանողական նվագախմբում: Մոսկվայում ջութակի դասեր է վերցրել Մեծ թատրոնի նվագախմբի արտիստ Պեկարսկուց, իսկ 1892-94թթ կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Ն.Կլենովսկու մոտ, 1896-1900թթ Պետերբուրգում՝ Ն.Ռիմսկի-Կորսակովի մոտ: Երկար տարիներ ապրել է Ղրիմում, ուր ծավալել է դիրիժորական և երաժշտական-հասարակական գործունեություն: Որպես կոմպոզիտոր ձևավորվել է առաջավոր ռուսական և հայկական մշակույթների ազդեցությամբ: Շփվել է Ալեքսանդր Ծատուրյանի(նրա խոսքերով 1894թ. գրել է «Այ վարդ» երգ-ռոմանսը), Մաքսիմ Գորկու (նրա տեքստով 1902թ. ստեղծել է «Ձկնորսն ու փերին» բալլադը՝ բասի և նվագախմբի համար, 1911թ.՝ «Էդելվեյս» մելոդեկլամացիան), Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Թամանյանի, Վարդգես Սուրենյանցի, Ռոմանոս Սելիքյանի, Նիկողայոս Տիգրանյանի, Ալեքսանդր Գլազունովի, Անատոլի Լյադովի և այլոց հետ: 1905թ. մամուլում հանդես է եկել բաց նամակով՝ Ն.Ռիմսկի-Կորսակովին Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմից հեռացնելու դեմ: Իր ստեղծագործությամբ հաստատել է ժողովրդին հարազատ, ռեալիստական արվեստը: Ձգտել է ծրագրային, վառ պատկերավոր երաժշտության, որի հիմքերը ժողովրդական ստեղծագործության մեջ են: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում մեղեդային և ռիթմական հարստությամբ, հարմոնիկ և նվագախմբային արտահայտամիջոցների ցայտունությամբ, ազգային բնորոշությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ: Ստեղծել է ժողովրդական կյանքի վառ պատկերներ, նուրբ բնապատկերներ: Սի շարք երկերում հնչում է սոցիալական անարդարության դեմ բողոք, ազատության համար պայքարի կոչ. դրանցից են՝ «Այնտեղ, այնտեղ, դեպ վեհ այն դաշտը» հերոսական երգը տենորի և նվագախմբի համար (1914թ., Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով), «Առ Հայաստան» կոնցերտային արիան (1915թ., Հ.Հովհաննիսյանի խոսքերով): «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի (1905թ., ըստ Մ.Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդի (1907թ., Յ.Պոլոնսկու խոսքերով) և «Սենք կհանգստանանք» մելոդեկլամացիայի (1910թ., Ա.Չեխովի «Քեռի Վանյա» պիեսից Սոնյայի մենախոսության տեքստով) համար ստացել է Գլինկայի անվան մրցանակներ (1908թ., 1910թ., 1912թ.): Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է սովետական երաժշտական մշակույթի շինարարությանը: Ղրիմում ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր և նվագախմբեր, օժանդակել երաժշտական դպրոցի կազմակերպմանը, մշակել է ժողովրդական, նաև հեղափոխական երգեր («Վարշավյանկա», «Անվախ ընկեր․․․», «Կարմիր դրոշ» և այլն): Մոսկվայում, Պետրոգրադում և այլ քաղաքներում հանդես է եկել հեղինակային համերգներով: 1924թ-ից ապրել է Երևանում, մասնակցել Գիտության և արվեստի ինստիտուտի, կոնսերվատորիայի աշխատանքներին, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր: Այդ շրջանում կոմպոզիտորի ստեղծագործությունը հասել է ծաղկման, աշխատել է հերոսահայրենասիրական «Ալմաստ» օպերայի ավարտման վրա (ըստ Հ.Թումանյանի«Թմկաբերդի առումը» պոեմի), որ մտահղացել էր դեռևս 1916թ.: «Ալմաստ»-ը (լիբրետոն՝ Ս.Պարնոկի), որ գրված է ռուսական դասական օպերայի ավանդույթներով, աչքի է ընկնում հայկական վառ ազգային ինքնատիպությամբ, բովանդակում է ծավալուն մասսայական տեսարաններ (խմբերգեր, պարեր), գործող անձանց արտահայտիչ բնութագրեր, դրամատիկորեն հագեցված դրվագներ: Ստեղծագործորեն օգտագործելով բուն ժողովրդական երաժշտության նմուշներ, դրանց հիման վրա ստեղծել է օպերային մեծ ձևեր՝ միջանցիկ սիմֆոնիկ զարգացումով և լեյտմոտիվների զարգացած համակարգով: Մեծ դեր է խաղացել հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորման գործում: Հենվելով ռուս դասական երաժշտության ավանդույթների վրա, նա հայկական երաժշտությունը հարստացրել է նոր թեմաներով, ընդարձակել է ժանրերը, արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին: Նրա «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ, 1903թ., 1912թ.), «Երևանյան էտյուդները» (1925թ.) և այլ սիմֆոնիկ երկեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներ են: 1926թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Ազատության հրապարակի մերձակա պուրակում: 1933թ. նրա անունով է կոչվել Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ապա՝ թիվ 1 երաժշտական դպրոցը, Երևանում ստեղծվել է կոմպոզիտորի տուն-թանգարանը: Հրատարակվել է Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուն 11 հատորով: