Ծնվել է 1941թ. փետրվարի 26-ին, Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1972թ-ից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների, սիմպոզիումների և բիենալների՝ Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Սուդանում, Բալթյան երկրներում, Հունգարիայում և այլուր: 1973թ. Մոսկվայի «Քանդակագործություն և գույներ» համամիութենական ցուցահանդեսում արժանացել է բրոնզե շքանշանի: Գրոտեսկի, այլաբանության, կերպարանափոխության միջոցներով հեղինակը հասել է դրամատիկ երանգների, շոշափել բարոյաէթիկական խնդիրներ: Աշխատանքներից են՝ «Ցուլ» (1974թ., բրոնզ), «Կերպարանափոխություն» (1979թ.), «Պրոմեթևս» (1970-80թթ, թրծակավ), «Քաջ Նազար» (1970-80թթ, թրծակավ), «Հեծյալը» (1970-80թթ, թրծակավ), «Այծքաղ» (1994թ., բրոնզ), «Արագիլ» (1994թ., բրոնզ) և այլն: 1974թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1986թ. Լատվիայի Զինտարիայում կայացած միջազգային սիմպոզիումում արժանացել է դիպլոմի: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1980թ., 1996թ.), Փարիզում (1991թ., 1996թ., 1999թ., 2002թ.), Գերմանիայում (2000թ., Ուլմ): Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Վանաձորի գեղարվեստի թանգարանում, Փարիզի «Վալուա» պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Երևանի, Ռիգայի, Մոսկվայի, Փարիզի, Բուդապեշտի և այլ մասնավոր հավաքածուներում: