Ալեքսեյ Ջիվելեգյան
Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): 1897թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը: Որպես լրագրող հանդես է եկել փիլիսոփայական և պատմական ակնարկներով, հակակառավարական բնույթի հոդվածներով, որոնց համար 1907թ. բանտարկվել է: Գրեթե 30 տարի զբաղվել է Արևմտյան Եվրոպայի սոցիալական, տնտեսական և քաղաքական պատմությամբ, գրել շուրջ 40 աշխատություն` «Միջին դարի քաղաքային համայնքը» (1901թ.), «Միջնադարյան քաղաքները Արևմտյան Եվրոպայում» (1902թ.), «Առևտուրը Արևմուտքում միջին դարերում» (1904թ.), «Ազատ քաղաքները Եվրոպայում» (1919թ.), «Գյուղացիական շարժումները Արևմուտքում» (1920թ.): Ընդհանուր պատմության հարցերին են վերաբերվում «Ժամանակակից Գերմանիայի պատմություն» (հ.1-2, 1908թ.), «Ալեքսանդր 1-ին և Նապոլեոն» (1915թ.), «Ֆրանսիական մեծ հեղափոխության բանակը» (1923թ.), «Ժան Պոլ Մարատ» (1923թ.) և այլ աշխատություններ: Հիմնական աշխատությունները նվիրված են Վերածննդի արվեստին և գրականությանը: «Իտալական Վերածննդի ակնարկներ»-ում (1929թ.) վեր է հանել Բ.Կաստիլիոնեի, Պ.Արետինոյի, Բ.Չելլինիի կյանքն ու գործունեությունը: Քաղաքական հասարակական լայն հիմքի վրա է պատկերված «Դանթե Ալիգիերի» (1933թ.) երկը: Պատմատեսական ոլորտին են վերաբերվում նրա «Դրամայի տեսությունը 16-րդ դարի Իտալիայում» (1953թ.), «Ֆրանսիական թատրոնի ժողովրդական հիմքերը» (1955թ.) և այլ գրքեր: Որոշ հետազոտություններ լույս են տեսել մի շարք դասականների երկերի ժողովածուներում` իբրև առաջաբան (Ա.Պոլիցիանո, Ն.Մաքիավելի, Կ.Գոլդոնի, Պ.Բոմորշե և այլք): Հեղինակել է նաև դասագրքեր («Արևմտաեվրոպական թատրոնի պատմությունը սկզբնավորումից մինչև 1789 թվականը», 1941թ., Գ.Բոյաջիևի հետ) և այլն: Խորհրդային թատերագիտության մեջ մեծ ներդրում է «Իտալական ժողովրդական կատակերգությունը» (1954թ.) աշխատությունը: Ունի բազմաթիվ թարգմանություններ, հատկապես Կ.Գոլդոնիի պիեսներից: 1898-1939թթ եղել է «Գրանատ հանրագիտարան բառարան»-ի պատասխանատու քարտուղարն ու պատմության ու սոցոլոգիայի բաժինների ղեկավարը, որտեղ գրել է 48 մեծ ու մի քանի հարյուր փոքր հոդվածներ: Մշտապես հետևել և ուշադրության կենտրոնում է պահել հայերի պատմական ճակատագրի հարցը («Զեյթունյան հերոսապատում», 1899թ., «Գ.Ա.Ջանշիևը և հայկական հարցը», 1901թ., «Հայերը Ռուսաստանում», 1906թ., «Թուրքական Հայաստանի ապագան», 1911թ.): «Գրանատ հանրագիտական բառարան»-ում տպագրվել են նրա «Հայեր», «Հայաստան», «Հայ գրականություն» (Ա.Տեր-Հարությունովի հետ) հոդվածները: Մեծ արձագանք է գտել «Հայաստանը և Թուրքիան» թեմայով դասախոսությունը Մոսկվայում (1946թ.), ուր նա մերկացրել է երիտթուրքերի շովինիստական նենգ քաղաքականությունը: «Ակադեմիա» հրատարակչությունում աշխատելու տարիներին (1933-37թթ) նրա ջանքերով լույս են տեսել Մաքիավելիի, Գվիչարդինիի, Լեոնարդո դա Վինչիի, Վազարիի և այլոց երկերը: Աշխատել է նաև Մոսկվայի համալսարանում, Փիլիսոփայության և գրականության, Կարմիր պրոֆեսուրայի, Թատերարվեստի, Երևանի թատերական ինստիտուտներում: 1939թ-ից եղել է Մոսկվայի համաշխարհային գրականության ինստիտուտի արևմտյան գրականության բաժնի վարիչը, 1945թ-ից` Արվեստի պատմության ինստիտուտի թատերական սեկտորի վարիչը և ՀՀ ԳԱ թղթակից անդամ: Նրա աշակերտներից են եղել Գ.Բոյաջիևը, Բ.Զինգերմանը, Ա.Անիկստը և այլք: Մահացել է Մոսկվայում: