Zark Foundation

Ալին Գութան

Ալին Գութան

Օպերային երգչուհի

Ծնվել է 1969թ. մայիսի 29-ին, Ստամբուլում: 1979թ. տեղափոխվել է Կանադայի Վանկուվեր քաղաք: 10 տարեկան հասակում սովորել է հայտնի տենոր Դեյվիդ Միքի մոտ: Հետագայում երաժշտական կրթությունը շարունակել է Մոնրեալի «Բրիթիշ Քոլոմբիա», ապա՝ Քվեբեքի «Լավալ» համալսարաններում: 18-ամյա երգչուհու օպերային դեբյուտը եղել է Վանկուվերի օպերայում Ֆլորայի դերերգը (Բ.Բրիտտենի «Պտուտակի պտույտը»): 1995թ. եղել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի «Ազգային ունկնդիր» խորհրդի ընտրած հաղթողներից մեկը, ապա՝ Լուչիանո Պավարոտտիի վոկալիստների միջազգային մրցույթի դափնեկիր, Լուչիա Ալբանեզեի հիմնած Ջ.Պուչչիննիի անվան հիմնադրամի մրցույթի մրցանակակիր, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի վոկալիստների մրցույթի երկրորդ և Վանկուվերի օպերային ընկերության մրցույթի առաջին մրցանակակիր և հաղթել է Թուլուզի վոկալիստների միջազգային մրցույթում: Արիզոնայի օպերայում հաջողությամբ հանդես է եկել Լակմեի (Լ.Դելիբի «Լակմե») և Սիլվիայի (Վիվալդիի «Սիլվիա») դերերգերով Նյու Յորքի «Լինքոլն» կենտրոնում: Նույն թվականին Ֆրանսիայում հանդես է եկել Աննա Ստրավինսկու «Ռեյքս Պրոգրեսում», ապա Օնթարիոյի օպերայում՝ Գիշերվա թագուհու դերերգով (Մոցարտի «Կախարդական սրինգ»): Վերջին դերերգով հանդես է եկել նաև Ավինյոնի օպերայում: Երգել է բազմաթիվ հանրահայտ օպերային ներկայացումներում՝ Շտրաուսի «Չղջիկը» (Ադել), Մոցարտի «Կոսի ֆան տուդդե», «Այդպես են վարվում բոլորը», «Առևանգում հարեմից» (Կոնստանցա), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Վիոլետտա), Հոֆմանի «Օլիմպիա» (Օլիմպիա) և այլն: Շուրջ երկու տարի շրջագայել է Կանադայում՝ հանդես գալով Էնդրյու Լլոյդ Վեբերի «Օպերայի ուրվականում»: Կատարել է Գլիերի «Կոնցերտ կոլորատուրային սոպրանոյի համար», Օրֆի «Կարմինա Բուրանա» ստեղծագործությունները, մի շարք մեներգեր: Հանդես է եկել Մոնրեալի, Վանկուվերի CBS, Վանկուվերի սիմֆոնիկ, Համիլթոնի ֆիլհարմոնիկ, «Մետրոպոլիտեն» օպերայի և այլ նվագախմբերի հետ՝ դիրիժորներ Շառլ Դիուտուայի, Մարիո Բերնարդիի, Գրժեգորժ Նովակի, Ժակ Լակոմբի, Դանիել Լիպտոնի, Նուրհան Արմանիի, Ջուլիոս Ուդելի և այլոց ղեկավարությամբ: Դասավանդում է Մոնրեալի կոնսերվատորիայում և տեղի երաժշտական դպրոցում: