
Բանասեր
13 դեկտեմբեր, 1930 - 3 հուլիս, 2017
Ալվարդ Ղազարյան
Ծնվել է Հայաստանի Սարիգյուղ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1933թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Գանձակ (Կիրովաբադ): 1947թ. ավարտել է տեղի թիվ 10 հայկական միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1960թ.` Ալթայի երկրամասի աքսորավայրից (1949-56թթ) վերադառնալուց հետո: 1961թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ ժողովրդական բանահյուսության բաժնում, որտեղ 2000-09թթ եղել է բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչը: Ժողովրդագիտական իր գործունեությունը սկսել է բանագետ Արտաշես Նազինյանի ղեկավարությամբ: 1971թ. պաշտպանել է «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր» թեմայով թեկնածուական ատենախոսությունը` նվիրված հայոց երգային բանահյուսության՝ այդ տեսակի ժանրային առանձնահատկություններին, գաղափարական բովանդակությանն ու գեղարվեստաարտահայտչական միջոցների համալիր ուսումնասիրությանը: 1983թ. «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարով լույս է տեսել նրա՝ Լեռնային Ղարաբաղից 1970-ական թվականներին գրի առած հեքիաթների, զրույցների, մանրապատում-զվարճախոսությունների, ավանդությունների, երգերի, մականունների, ասութաբանական բանահյուսության նմուշները, նրա կազմած հայ մշակույթի նշանավոր երախտավոր Գ.Սրվանձտյանի երկերի առաջին հատորը: Հայ բանահյուսական մշակույթի գրառման և արժևորման ոլորտում կարևոր երևույթ է նրա և Ս.Վարդանյանի հավաքած, կազմած և հրատարակած «Բաքվի հայոց բանահյուսությունը» ժողովածուն (2004թ.): Ժողովրդին իր ակունքներին վերադարձնելու առումով ցուցանշական են նրա «Պ.Սևակի «Անլռելի զանգակատան» բանահյուսական հենքը» (1973թ.), «Ղարաբաղի զվարճախոս Պըլը-Պուղին» (1978թ.), «Հայ ժողովրդական սնահավատական զրույցների դասակարգման հարցի շուրջ» (1983թ.), «Устное народно-поэтическое творчество» (1990թ.), «Сасна црер. армянский героический эпос» (1976թ.), «Гардманк. историко-этнографический очерк» (1992թ.), «Հնագույն մի սովորության արձագանքները հայ բանահյուսության մեջ» (1977թ.), «Ականատեսը Վան քաղաքի քսանամյա անցքերի մասին 1877-1897թթ» (1990թ.), «Административный передел внутренних границ Закавказья» (2000թ.), «Ազատագրական պայքարի արտացոլումն արցախահայոց բանահյուսության մեջ» (1995թ.) և այլ հոդվածներ ու հրապարակումներ: Բանագետի ուշադրության կենտրոնում են եղել նաև Հայաստանի ռազմավարության տնտեսական խնդիրներն ու գիտական ժառանգության պատմագիտական մեծ արժեք ներկայացնող կարևոր ձեռագրերը, որոնց տպագրությունն ամփոփված է նրա և Ա.Քալանթարյանի կազմած թիվ 1 և 2 «Վավերագրերում» (1999թ., 2001թ.): Ղարաբաղից և հարակից շրջաններից գրի է առել արժեքավոր բանահյուսական հարուստ նյութեր: Լեռնային Ղարաբաղի ազատամարտի տարիներին (1991-94թթ) լծվել է հարկադրական համրության մատնված արխիվային փաստաթղթերի հայտնաբերմանն ու լուսաբանմանը և գործնական աջակցությամբ օժանդակել է Լեռնային Ղարաբաղի հայությանը («Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920թթ», 2003թ., Ս.Միրզոյանի հետ): Հեղինակել է յոթ տասնյակից ավելի գիտական, լրագրային հոդվածներ, գրախոսականներ, հրապարակումներ: Հատկապես ուշադրության են արժանի նշանավոր հայագետ-բանագետներին, հայազգի ռազմական անվանի գործիչներին նվիրված նրա հոդվածները (Գ.Սրվանձտյան, Ե.Լալայան, Խ.Դադյան, Քաջբերունի, Մ.Միանսարյան, Ա.Կիսիբեկյան, զորավարներ Մ.Լորիս-Մելիքյան, Հ.Լազարյան, Ա.Տեր-Ղուկասյան, ծովակալ Լ.Սերեբրյակով, Ս.Կուկունյան, գնդապետ Հ.Մազմանյան և այլք): Կատարել է նաև թարգմանական աշխատանքներ: 1989թ. հրատարակվել է ռուսերենից նրա թարգմանած «Աֆորիզմներ» ծավալուն ժողովածուն, 1998թ.` Լ.Մելիք-Շահնազարյանի «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ» աշխատության հայերեն թարգմանությունը: 2015թ. հրատարակել է «Արևմտահայոց պայքարի Արցախի զավակները» աշխատությունը, որը նվիրված է 19-րդ դարի վերջին տասնամյակներում, բալկանյան ժողովուրդների օրինակով, Արևմտյան Հայաստանում ծավալված ազատագրական պայքարին գործուն մասնակցություն ունեցած, Լեռնային Ղարաբաղում ծնված ու կրթություն ստացած անհատներին: 1994թ-ից եղել է Լեռնային Ղարաբաղի գրողների միության, 1988թ-ից՝ «Արցախ» հայրենակցական միության անդամ: Լուրջ ներդրում է ունեցել հայկական հեքիաթների գիտական հրատարակության և դրանց` ըստ միջազգային սյուժեների դասակարգման գործում: Կազմել և հրատարակել է «Հայ ժողովրդական հեքիաթներ» գիտական հրատարակության 13-րդ (Մուշ-Տարոն, 1985թ.), 14-րդ (Վան-Վասպուրական, 1999թ.) և 16-րդ (Վան-Վասպուրական, 2009թ.) հատորները` օժտված համապատասխան գիտական ծանոթագրություններով: Մահացել է Երևանում: