Zark Foundation

Ակիմ Ավանեսով

Ակիմ Ավանեսով

Գեղանկարիչ

5 սեպտեմբեր, 1883 - 4 հոկտեմբեր, 1966

Հովակիմ Հովհաննիսյան
Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով), որտեղ նրա նախնիները 18-րդ դարում գաղթել էին Ղրիմից: Մանկությունն ու պատանեկությունն անցել է Նոր Նախիջևանում: Յոթ տարեկանում ընդունվել է Նախիջևանի հայկական հոգևոր ճեմարան, որտեղ սովորել է 4 տարի, այնուհետև ուսումը շարունակել է ռեալական ուսումնարանում: Նրա նկարչության ուսուցիչ Ֆրինկեն, նկատելով տղայի ունակությունները, նրան խորհուրդ է տվել գեղարվեստական կրթություն ստանալ: 1900թ. ամռան արձակուրդներին Նոր Նախիջևան է եկել Պենզայի գեղարվեստի ուսումնարանի ուսանող Չերչոպովը և երեք ամսում նրան նախապատրաստել ուսումնարանի ընդունելության համար: Նկարչի Պենզայի գեղարվեստի ուսումնարանում ուսումնառության ժամանակ ստեղծած բազմաթիվ գործերը վաճառվել են Դոնի Ռոստովում գտնվող Իոսիֆ Պոկորի խանութում: Պենզայի գեղարվեստի ուսումնարանի նրա համակուրսեցիները՝ Ալեքսանդր Համբարյանը, Գագևը, Դանիշինը, Նենաշևը հետագայում տեղափոխվել են Դոնի Ռոստով: 1906թ. ուսումնարանն ավարտեուց հետո կնոջ հետ տեղափոխվել է իր հայրենի քաղաք՝ Նոր Նախիջևան և սկսել է նկարչություն դասավանդել երկու ծխական դպրոցներում, միաժամանակ ապրուստ վաստակելու համար մասնավոր դասեր է տվել, սրբապատկերներ ստեղծել: Ուսումնարանն ավարտելուց երեք տարի հետո դասավանդել է միջնակարգ կրթական հաստատություններում՝ Գոգոևյան օրիորդաց վարժարանում, Ռոստովի գեղարվեստի ուսումնարանի երեկոյան դասընթացներում: 1917թ. ստեղծել է «Մայր» կտավը, որը Մարտիրոս Սարյանը համարել է նրա լավագույն աշխատանքը: Կտավը ստեղծվել է հայ ժողովրդի ողբերգական պատմության՝ ցեղասանության տպավորության տակ: Կտավն ուշադրության է արժանացել նաև 1920-ական թվականների քաղաքային ցուցահանդեսների ժամանակ, երբ Ռոստովում խորհրդային իշխանության հաստատումից հետո գեղարվեստական կյանքը նորմալ հունով էր ընթանում: Նկարը ցուցադրվել է նաև նկարչի 1963թ. անհատական ցուցահանդեսի ժամանակ: 1917թ. ստեղծել է կտավի 2-րդ տարբերակը հետևյալ բովանդակությամբ. մթնշաղ է. հոգնած մայրը կորացած մեջքով հենվել է ծառին ու քնել, իսկ առույգ երեխան պտտվում է նրա շուրջ, շրջակայքում լեռներ են ու բլուրներ: Այս և մի քանի այլ կտավներ տարվել են արտերկիր: 1918թ. ստեղծել է «Լողացողները» կտավը, 1920թ.՝ «Երաժշտություն» կտավը: Ստեղծագործելու համար քիչ ժամանակ է ունեցել: Օրվա մեծ մասն անց է կացրել հանրակրթական դպրոցներում, այդ թվում` գեղարվեստի դպրոցում: Նկարչի ստուդիա են այցելել Մարտիրոս Սարյանն ու Մանուկ Ալաջալովը: 1919թ., երբ հեղափոխականները գրավել են Դոնը, նա սկսել է աշխատել «Դոն-Ռոստ»-ում: Այդ շրջանում նկարիչները ստեղծել էին ագիտացիոն պլակատներ, որոնք փակցվում էին պատուհաններին: 1921թ. արդյունաբերող Իսկիդարովի նախկին տանը բացվել է Վրուբելի անվան գեղարվեստի ուսումնարանը, որը ղեկավարել է Մարիետա Շահինյանի քույրը՝ Մագդալենա Շահինյանը: Դա գեղարվեստի առաջին խորհրդային դպրոցն էր: Պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են եղել Լանսերե Եվգենին, Մարտրոս Սարյանը, Ակիմ Ավանեսովը, Ստեփան Աղաջանյանը: Սակայն դպրոցը գործեց կարճ ժամանակահատված: 1922թ. Մ.Սարյանն ու Ս.Աղաջանյանը մեկնեցին Երևան: Նկարիչը, Դոն-Ռոստում 2,5 տարի աշխատելուց հետո, տեղափոխվել է Ռոստովի պետական հրատարակչություն, որտեղ աշխատել է մանկական գրքերի հրապարակման վրա՝ կատարելով նկարազարդումներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրկին անդրադարձել է զավակներին փրկող մոր թեմային: 1943թ. ստեղծված «Մայր» կտավում պատկերված են ավերված, քանդված տներ, ծուխ ու սարսափ, պայթյուններ, վառվող բեկորներ և երեխան գրկին փախչող մայր: Խորհրդային արվեստի ծաղկման շրջանում ակտիվորեն ներգրավվել է քաղաքի գեղարվեստական կյանքի մեջ, 1938թ. դարձել ԽՍՀՄ նկարիչների միության Ռոստովի մասնաճյուղի առաջին նախագահը, ակտիվ մասնակցել ցուցահանդեսներին, միաժամանակ դասավանդել Պիոներների տանը: 1946թ. Ռոստ Իզոյի պատվերով նկարել է «Ռոստովի կայարանի գրավումը» կտավը, որի գլխավոր հերոսը գումարտակի հրամանատար Ղուկաս Մադոյանն է: Նրա ստեղծած կտավներից են՝ «Դարից դար», «Մայր» (1917թ.) «Դոնի կազակները» (1943թ.) «Նալբանդյանի ձերբակալումը», «Իվան դա Մարիա», «Վհուկների գիշերաժողով», «Սիմֆոնիա», «Գրքով աղջիկը», «Ռոստովի կայարանի գրավումը» և այլն: Մահացել է Դոնի Ռոստովում: