Եղել է խաչքարեր և տապանաքարեր կազմող, նկարող։ 1540-75թթ ստեղծագործել է Գեղարքունիքում։ Նրա գործերից պահպանվել են Մարտունու և Վարդենիսի շրջանների գյուղերում՝ երկու խաչքար Վաղաշենում՝ Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ (մեկը՝ թվագրված 1540թ.), վեց խաչքար Ն.Գետաշենում (Կոթ)՝ Կոթա Սբ. Աստվածածին կիսավեր եկեղեցու գերեզմանատանը (մեկը՝ թվագրված 1542թ., երկուսը՝ Աստվածածնի՝ մանուկ Հիսուսին աջ ծնկանը դրած պատկերով և մարդու դիմաքանդակով), երկու խաչքար Երանում՝ Սբ. Աստվածածին եկեղեցու բակում (բարձրությունը 2,25 մ., թվագրված 1575թ., Աստվածածնի պատկերով է, մանուկ Հիսուսին աջ ծնկանը դրած և դիմաքանդակով), մեկ խաչքար և տապանաքար Գեղհովիտում՝ Սբ. Գևորգ եկեղեցու բակում, 1 տապանաքար Մեծ Մազրայում (թվագրված 1541թ.)։ Դրանց մի մասը կրում է Ակոբ Կազմող, երբեմն՝ Ակոբ Նկարող կամ Ակոբ ստորագրությունները։ Քանդակների ոճը նրա խաչքարերի քիվերը նեղ են, ճակատներն ու շրջանակները՝ լայն, կենտրոնական խաչը տեղավորված է սուրանկյուն խորաններում, սրբապատկերներն ու դիմաքանդակներն արտահայտիչ են, ոգեշունչ, կրում են իրականության կնիքը։ Ի տարբերություն իր ժամանակի հայ վարպետների, որոնց մեծ մասը նախընտրել է մանր գծերը, Վարպետը հետևել է քանդակազարդման վաղեմի ավանդույթներին, օգտագործել է խոշոր գծերով բուսական ու երկրաչափական զարդամոտիվներ, հասել մոնումենտալ հնչեղության։ Տապանաքարերի վրա պատկերել է և կենցաղային, և այլաբանական դինամիկ քանդակներ (վիշապը տրորող թամբած ձի, խաչը ձախ ձեռին թագակիր հեծյալ, որ նիզակահարում է վիշապին, ծալապատիկ նստած և ծնկած կանայք, երկփողանի սրինգ, պնակ, գաթա, գավ և այլն)։ Նրա արվեստը նշանակալից ազդեցություն է թողել ժամանակի քարգործության վրա։