Zark Foundation

Աղավնի

Աղավնի

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

15 հուլիս, 1911 - 2 փետրվար, 1992

Աղավնի Գրիգորյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Տայլար գյուղում։ 1918թ. գաղթել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ 1931թ. ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը: 1930-51թթ աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Կոլխոզնիկ», «Գրական թերթ», «Սովետական Հայաստան» թերթերի և Երևանի ռադիոհաղորդումների խմբագրություններում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում: Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1928թ., Լենինականի «Բանվոր» թերթում, իսկ 1930թ. տպագրվել է գրողի «Արտերի լիրիկան» բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Արձակ գործերից հայտնի է «Շիրակ» ինքնակենսագրական վեպը (հ.1, 1954թ., լրիվ հրատ.՝ 1963թ.), որի մեջ հերոսուհու հիշողությունների ու տպավորությունների միջոցով բացահայտել է սոցիալական ու քաղաքական այն տեղաշարժերը, որ ապրել է հայ գյուղը սովետական կարգերի հաստատման և դրան նախորդած ժամանակաշրջանում։ Վեպը թարգմանվել է ռուսերեն և ուկրաիներեն: Գրել է նաև պատմվածքներ («Հայրերի մանկությունը», 1959թ.)։ 1934թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ Ա.Ծերեթելիից, Մ.Լերմոնտովից, Ս.Մարշակից, Յ.Կուպալայից, Ն.Նեկրասովից, Ա.Պուշկինից և այլ գրողներից: Պարգևատրվել է «Պատվո նշան» (1961թ.), Աշխատանքային կարմիր դրոշի (1971թ.) և Ժողովրդների բարեկամության (1981թ.) շքանշաններով: 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 1985թ.` ՀՀ Պետական մրցանակի («Միշտ կանչող ձայներ» գրքի համար): Մահացել է Երևանում: