Zark Foundation

Անահիտ Բոստանջյան

Անահիտ Բոստանջյան

Բանաստեղծ, թարգմանիչ

10 սեպտեմբեր, 1949 - 8 հունվար, 2017

Ծնվել է Թբիլիսիում: 1966թ. ավարտել է տեղի Հ.Թումանյանի անվան թիվ 34 դպրոցը, 1972թ.` Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը: 1972-75թթ մանկավարժ է աշխատել ՀՀ նախկին Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում: 1975թ. վերադարձել է ծննդավայր և Բ.Սեյրանյանի երաշխավորությամբ աշխատանքի անցել Վրաստանի գրողների միության «Մերանի» հրատարակչության նորաբաց հայերեն հրատարակությունների խմբագրությունում` նախ որպես սրբագրիչ, ապա` խմբագիր, հետո` ավագ խմբագիր: Զուգահեռ դասավանդել է Թբիլիսիի Ա.Պուշկինի անվան ինստիտուտի հայոց լեզվի ու գրականության ամբիոնում, ծավալել է լրագրողական ու թարգմանական գործունեություն: 1988թ-ից եղել է նաև ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրը, 1994թ-ից, համատեղության կարգով՝ բաժնի վարիչ և լրագրող հանրապետական «Վրաստան» թերթում, 2003թ-ից` նաև ՀՀ Օ.Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչ, Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ: Անդամակցել է Վրաստանի և Հայաստանի գրողների միություններին: 40-ամյա հրատարակչական գործունեության ընթացքում նրա խմբագրությամբ, առաջաբաններով հրատարակվել է 500-ից ավելի գիրք: Հեղինակել է 30-ից ավելի գրքեր, որից 10-ը` բանաստեղծական ժողովածուներ` «Եթե իմանայիր» (1986թ.), «Միայն քեզ հետ» (1990թ.), «Անվերջ սպասում» (2003թ.), «Հարցականներ» (2005թ.), «Հոգու սպեղանի» (2007թ.), «Հոսանքն ի վեր, հոսանքն ի վար» (2008թ.), «Նժարի զույգ ափերի մեջ» (2011թ.), «Սեր և անջրպետ» (2014թ., վրացերեն, 2013թ.), «Հենց այսպես» (2014թ.), 20-ը` թարգմանական: Թարգմանել է շուրջ 90 վրացի գրողի, որոնցից են` Թամազ Ճիլաձե, Վաժա Փշավելա, Գրիգոլ Ռոբաքիձե, Ռեվազ Միշվելաձե, Արչիլ Սուլակաուրի, Գրիգոլ Աբաշիձե, Իրակլի Սամսոնաձե և այլք: Հայերենից վրացերեն է թարգմանել Սոնա Վանի, Օքրո Օքրոյանի, Վարդան Հակոբյանի, Ավիկ Դերենցի, Սամվել Մարգարյանի և այլոց երկերը: Թարգմանել է նաև ռուսերենից: 2007թ-ից եղել է «Կամուրջ» գրական-մշակութային հ/կ նախագահը: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, ուսումնասիրություններ, մտահղացումներ, գրքերի առաջաբաններ ու ծրագրեր, այդ թվում` «Թարգմանական գրականության գրադարան», «Առաջին գրքի գրադարան» մատենաշարերը: Եղել է «Շեմ» երիտասարդական գրական ակումբի հիմնադիր նախագահը: Աջակցել է նաև վիրահայ օտարագիր գրողներին` թարգմանելով ու հայերեն հրատարակելով նրանց ստեղծագործությունները: Բազմիցս Թբիլիսիի թիվ 104 դպրոցում կամ Խոջիվանքում փետրվարի 19-ին կազմակերպել և անցկացրել է «Գիրքը` լավագույն նվեր» միջոցառումը` ի նշանավորումն Հովհաննես Թումանանի ծննդյան օրվա: Գրական առաջին մրցանակը նրան շնորհվել է 1982թ., ՀԳՄ կողմից` Ն.Դումբաձեի «Խազարուլա» պատմվածքի թարգմանության համար: Մասնակցել է Հայաստան-սփյուռք բոլոր համաժողովներին, բազմաթիվ այլ խորհրդաժողովների, պոեզիայի փառատոների: Թարգմանվել է վրացերեն (երկու գրքով), անգլերեն, ռուսերեն: 2000թ. պարգևատրվել է Վրաստանի Պատվո շքանշանով, 2006թ.` ՀՀ գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալով, 2007թ.` Վաժա Փշավելայի, 2014թ.` Նիկո Նիկոլաձեի անվան գրական մրցանակներով, 2008թ.` ՀՀ մշակույթի նախարարության, 2011թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով, 2012թ.` «Նարցիս» հանդեսի մրցանակով, 2014թ.` ՀՀ սփյուռքի նախարարության և Վենետիկի Մխիթարյան միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալով: 2010թ-ից եղել է վրաց մշակույթի դեսպանը: 2015թ. դարձել է Աննա Կալանդաձեի անվան մրցանակի դափնեկիր: Մահացել է Թբիլիսիում, թաղված է տեղի Խոջիվանքի հայկական պանթեոնում։