Zark Foundation

Անահիտ Թարխանյան

Անահիտ Թարխանյան

Ճարտարապետ

Ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Երևանում: Ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է: 1981թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը, 1993թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը, 1994թ.՝ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի դիվանագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացները։ 1981-89թթ եղել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետը, 1989-92թթ՝ «Վեմ» ճարտարապետական արվեստանոցի տնօրենը: 1992-94թթ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչությունում՝ որպես պետի տեղակալ (երկրորդ դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան)։ 1994-98թթ եղել է «Հայ FM-105.5» ռադիոկայանի տնօրենը, 1997-98թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության հեռուստառադիո ոլորտի հարցերով պետի տեղակալը, 1998-2004թթ և 2007-18թթ՝ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ տնօրենը: 1994թ. հիմնադրել է «Հայ FM-105.5», 1996թ.՝ «Ռադիո Հայ» ռադիոկայանները: Ճարտարապետական գործունեության ընթացքում մշակել է բազմաթիվ նախագծեր՝ մանկապարտեզներ, դպրոցներ, բժշկական կենտրոններ, եկեղեցիներ, բանկեր, հյուրանոցներ, սպորտային և մշակութային համալիրներ, բնակելի թաղամասեր, շենքեր, մենատներ և այլն։ Նախագծել է Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Բերդի, Հրազդանի, Արարատի, և Արմավիրի բժշկական կենտրոնները, երեք սանէպիդ կայան Երևանում, Իջևանում և Գյումրիում, ԱԺ նիստերի դահլիճը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, ՄԱԿ-ի դահլիճը ՀՀ-ում և այլն։ Առաջին կին ճարտարապետն է, ով նախագծել է հայկական եկեղեցիներ։ Հեղինակել է Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հուշակոթողի նախագիծը։ 2004-07թթ եղել է Հայ առաքելական եկեղեցու գլխավոր ճարտարապետը, որի ընթացքում ղեկավարել է 60 ճարտարապետաան ծրագրերի նախագծումն ու կառուցումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Հիմնադրել է «Մեր քաղաքը» հասարակական կազմակերպությունը, մասնակցել Երևանի պատմական շինությունների և հուշարձանների պաշտպանության բոլոր շարժումներին, այդ թվում` Երիտասարդության պալատի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի, Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճի, Հայոց ցեղասպանության (1915թ.) զոհերի հուշահամալիրի, Երևանի փակ շուկայի և այլն։ 2012-17թթ եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ, 2018թ.՝ Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ: 2018թ. «Երևանի հանրություն» դաշինքի կողմից առաջադրվել է Երևանի քաղաքապետի թեկնածու։