Անահիտ Հարությունյան
Ծնվել է 1955թ. օգոստոսի 12-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1972-74թթ սովորել է տեղի դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում` Երվանդ Ղազանչյանիղեկավարությամբ: 1974թ-ից աշխատում է նույն թատրոնում` որպես դերասանուհի: 2002թ-ից համատեղության կարգով աշխատում է նաև Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում: Թատրոնում մարմնավորել է շուրջ 80 կերպար մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ա.Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» (Մանչուկ), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Վալյա), Վ.Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս» (Լավինյա), Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Սմերալդինա), Է.դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա), Լ.Շանթի «Կայսրը» (Թեոֆանո) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Սպիտակ ափեր» (1975թ.), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.), «Ուրախ ավտոբուս» (2001թ.), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ.), «Շրջադարձ», «Տիկնիկ Ամալյայի համար», «Սուրբը», հեռուստասերիալներում` «Անծանոթը» (2012թ.), «Անցյալի ստվերները» (2014թ.) և այլն: 2002թ. «Ուրախ ավտոբուս» ֆիլմում Սաթենիկի դերակատարման համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015թ.` ժողովրդական արտիստի կոչման: