Անանիա Սյունեցի, Անանիաս, Անանե
Եղել է հայ առաջին թարգմանիչներից։ Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին, գործակցել նրան աղվանից գիրն ստեղծելիս։ Սահակ Պարթևը նրան ձեռնադրել է Սյունյաց եպիսկոպոս (ենթադրաբար՝ 415թ.)։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ աթոռակալել է շուրջ 42 տարի՝ «պայծառացնելով Սյունյաց աթոռը»։ Մեսրոպ Մաշտոցի կենսագիր և աշակերտ Կորյունը և պատմահայր Մովսես Խորենացին որոշ տեղեկություններ են հաղորդում նրա մասին։ Նա ուղեկցել է Մեսրոպ Մաշտոցին՝ Գողթնի առաջին քարոզչության ընթացքում, գործակցել է նրա հետ՝ Սուրբ Գիրքը թարգմանելիս և աղվանական գիրն ստեղծելիս, աղվաներեն թարգմանել որոշ կրոնական գրքեր։ 444թ. մասնակցել է Շահապիվանի եկեղեցական ժողովին, իսկ 449թ. Արտաշատի ժողովին եպիսկոպոսական գահնամակում զբաղեցրել է առաջին տեղը և ստորագրել պարսից զորապետ Միհրներսեհին ուղարկված պատասխան նամակը։ Նրան են վերագրում «Ի խորհուրդ Յովնանու մարգարէի», «Յաղագս Յովհաննու Մկրտչի» ճառերը և հույն մատենագիրներ Փիլոն Ալեքսանդրացու ու Իրենեոսի գործերի հայերեն թարգմանությունները: