Zark Foundation

Անանիա Սուլթանշահ

Անանիա Սուլթանշահ

Մշակութային գործիչ, բժիշկ

19 հոկտեմբեր, 1832 - 4 մայիս, 1898

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով)։ 1861թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և որպես բժիշկ պաշտոնավարել Ղզլար քաղաքում (այժմ՝ Դաղստան, ՌԴ): Եղել է Միքայել Նալբանդյանի մտերիմն ու գաղափարակիցը։ 1859թ., «Հյուսիսափայլի» 10-րդ ամսատետրակում տպագրվել է նրա «Հայոց ազգի լուսավորիչքը» պիեսը, որ Ս.Ֆեոդորովի՝ «Современник»-ում լույս ընծայված «Դաստիարակներ» կատակերգության փոխադրությունն է և ունի «Յուր պատվելի եղբոր Միքայել Ղազարյան Նալբանդյանցին սիրող և մեծարող սրտի անխարդախ նվեր» բնաբանը։ Այս երկում, որի ստեղծմանը, ըստ Սմբատ Շահազիզի, մասնակցել է նաև Մ.Նալբանդյանը, ծաղրի են ենթարկվել վերջինիս գաղափարական հակառակորդներ Հ.Խալիբյանը և այլք։ Նրա և Մ.Նալբանդյանի նամակագրությունը պարունակում է հայ մեծ դեմոկրատի կյանքին, գործունեությանն ու հետաքրքրությունների շրջանակին վերաբերող կարևոր փաստեր։ Մահացել է Ղզլարում: