Zark Foundation

Անդրանիկ Սարգսյան

Անդրանիկ Սարգսյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1975թ․ հունիսի 26-ին, Երևանում: 1982-92թթ սովորել է Երևանի Ա․Ղարիբյանի անվան թիվ 142 միջնակարգ դպրոցում: 1992-97թթ սովորել է Երևանի Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժնում: 1994-97թթ աշխատել է որպես հայկական պարի ուսուցիչ Նորքի Հայորդյաց տանը: 1997-98թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1998թ․ Մալթայում անցկացվող պարային փառատոնում արժանացել է առաջին կարգի մրցանակի: 1999թ․ հիմնադրել է «Արաքս» պարային համույթը, որի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն է: 1999-2002թթ որպես մենապարող հանդես է եկել Ազատ Ղարիբյանի ղեկավարած «Կռունկ» պարային համույթում: 2000-01թթ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի միջոցառումների շրջանակում երկու ամիս շարունակ շրջագայել է եվրոպական մի շարք երկրներում՝ ներկայացնելով հայկական պարարվեստը: 2001թ․ Փարիզի մոդեռն պարարվեստի ակադեմիայի կողմից ստացել է դիպլոմ որպես միջազգային կարգի վարպետ: 2002թ․ ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն որպես բալետի արտիստ և մենապարերով հանդես է եկել մի շարք ներկայացումներում: 2005թ․ ակտիվ մասնակցություն է ունեցել միասնական շուրջպարի կազմակերպմանը: 2009թ․ Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանի կողմից արժանացել է պատվոգրի: 2009թ․ արժանացել է շնորհակալագրի՝ Յուրի Գրիգորովիչի բեմադրած «Սպարտակ» բալետում դերապարի համար: 2009թ-ից աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում որպես ավագ դաստիարակչական գծով պատասխանատու: 2010թ․ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2011թ․՝ շնորհակալագրի, 2019թ․՝ ոսկե մեդալի: 2011թ-ից Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միավորման անդամ է և ստացել է պարուսույց-մանկավարժի որակավորում։