Zark Foundation

Աննա Ազիզյան

Աննա Ազիզյան

Կոմպոզիտոր

28 օգոստոս, 1965 - 29 օգոստոս, 2023

Ծնվել է ՀՀ Աշտարակ քաղաքում։ 1980թ. ավարտել է Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի (դասատու՝ Ս.Ազարյան) և կոմպոզիցիայի (դասատու՝ Ռոբերտ Ամիրխանյան), 1984թ.՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի (դասատու՝ Կ.Հարությունյան), 1990թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Էդվարդ Միրզոյանի դասարան) բաժինները։ 1990թ-ից դասավանդել է Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոցում։ 1993–14թթ եղել է Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրենը։ 2005թ. Աշտարակի Կարմրավոր եկեղեցուն կից հիմնադրել է «Զվարթունք» մանկական երգչախումբը, որի երգացանկը կազմված է հոգևոր երգերից։ Գրել է դաշնամուրային պիեսներ՝ «Մտորում» (1984թ.) ֆուգետան, «Երեք տաղ միջնադարյան բանաստեղծների խոսքերով» (1985թ.), «Երկու տաղ Խաչատուր Կեչառեցու խոսքերով» (1986թ.), «Վարուժանյան» (1985-86թթ), «Կաթիլ մի արտոսր ի շիրիմ Դուրյանի» (1990թ.), «Մայրական» (2001-03թթ) և այլ խմբերգաշարեր՝ «Քառաձայն ֆուգա E dur կամ X մաժոր» (1987թ.), խմբերգային ստեղծագործություններ՝ «Աղոթք» (1988թ., ըստ Դանիել Վարուժանի և Գրիգորիս Աղթամարցու), «Տաղ ծննդյան» (2001թ., ըստ Գրիգոր Նարեկացու), խմբերգային ներկայացումներ՝ «Ջարդին խենթը» (1993թ.), «Զուգահեռ» (2005-08թթ), «Պոչատ աղվեսը» (2011-13թթ), երգեր՝ «Քասախ» (1993թ., ըստ Գ.Գևորգյանի), «Հրաժեշտ այբբենարանին» (2002թ., ըստ Սիլվա Կապուտիկյանի), սկերցո՝ դաշնամուրի և ֆլեյտայի (երկուսն էլ՝ 1984թ.), ռոնդո (1987թ.)՝ կամերային նվագախմբի, կոնցերտային նախերգանք (1993թ.)՝ դաշնամուրի և կամերային նվագախմբի, «Հեյ ջան, տղերք» (1999թ., ըստ Հովհաննես Թումանյանի)՝ մենակատարի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի, «Ձայնք ծնանին ի ձայնէ» (2011թ., ըստ Էդմոնդ Ավետյանի)՝ խառը երգչախմբի համար։ 1987թ. Մոսկվայում արժանացել է Համամիութենական մրցույթի 3-րդ մրցանակին, 2012թ. Սանկտ Պետերբուրգում՝ Կոմպոզիտորների 5-րդ համառուսաստանյան «21-րդ դարի երգչախմբային լաբորատորիա» մրցույթի դիպլոմի: Մահացել է Երևանում: