Zark Foundation

Աննա Աստվածատուրյան-Թերքոթ

Աննա Աստվածատուրյան-Թերքոթ

Գրող, պետական գործիչ

Ծնվել է 1978թ. մարտի 14-ին, Բաքվում։ Արմատներով Հայաստանի Խնձորեսկ գյուղից է։ 1990թ. Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Հայաստան, որտեղ 3 տարի որպես փախստական ապրելուց հետո՝ 1992թ. տեղափոխվել է ԱՄՆ։ Ընտանիքի հետ հաստատվել է Հյուսիսային Դակոտա նահանգի Վափիթոն քաղաքում, որտեղ 1997թ. դարձել է ԱՄՆ քաղաքացի։ Սովորել է Հյուսիսային Դակոտայի համալսարանում և ստացել որակավորում անգլերեն և գրականություն, փիլիսոփայություն և կրոն, ռուսերեն և գրականություն բնագավառներում։ Իրավագետի որակավորում ստացել է 2003թ. Մենի իրավաբանական դպրոցում, որը տեղակայված է Փորթլենդում։ Ավարտելուց հետո դարձել է ամերիկյան առաջին քարտուղարներից մեկը Հաագայի միջազգային քրեական դատարանում։ 2012թ. տպագրել է իր առաջին՝ «Ոչ մի տեղ. արտաքսման մի պատմություն» գիրքը, որը գրել է՝ հիմնվելով մանուկ ժամանակ վարած օրագրի հիշողությունների վրա, որտեղ պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը Բաքվում առերեսվում ազգային բռնության և բնաջնջման, որը նախանշեց Լեռնային Ղարաբաղի ազատամարտը։ Այնուհետև նկարագրել է Հայաստանում իր կյանքը որպես փախստական։ 14 տարեկան հասակում սկսել է իր օրագրից որոշ հատվածներ թարգմանել անգլերեն։ Նրա գիրքն առաջին անգլերեն գիրքն է, որն առաջին դեմքից պատմում է Ադրբեջանում հակահայկականության և Բաքվի ջարդերի մասին։ Մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և հակահայկականության թեմաներով դասախոսել է ամբողջ ԱՄՆ-ում՝ ներառյալ Կապիտոլիումում։ Այն առանցքային մարդկանցից էր, ում շնորհիվ Մեն նահանգը 2013թ. ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԱՄՆ Կոնգրեսի և Եվրախորհրդարանի անդամների հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը և Արցախի անկախությունը։ Անդամակցում է «Ամերիկացիները Արցախի համար» ՀԿ-ի խորհրդին։ 2015թ. ընտրվել է Մեն շրջանի Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ։ Ստացել է ընդհանուր քվեների 64%-ը՝ քարոզարշավում առաջ անցնելով Փոլ Էմերիից և մեկ այլ թեկնածուից։ 2018թ. վերընտրվել է Մեն նահանգի Ուեստբրուկ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ։ Հանդիսանում է Անդրոսկոգին բանկի փոխնախագահը։ 2018թ. ընտրվել է Ուեստբրուկ քաղաքի քաղաքային խորհրդի փոխնախագահ։ 2013թ. արժանացել է ՀՀ «Մխիթար Գոշ» և ԼՂ Երախտագիտության մեդալների, 2014թ.՝ Ամերիկայի Հայ սզգային կոմիտեի Վահան Քարդաշյանի անվան մրցանակի, 2017թ.՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի «Ակտիվություն» մրցանակի։