Ծնվել է 1981թ. հոկտեմբերի 7-ին, Թբիլիսիում: Դուդուկահար Հովհաննես Կասյանի դուստրն է: Նախնական երաժշտական կրթությունն ստացել է Թբիլիսիի կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի և ջութակի դասարաններում: Երիտասարդ տարիքից հանդես է եկել որպես մենակատար: Ինը տարեկան հասակում հանդես է եկել ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 1999թ. ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին, իսկ 2001թ-ից ուսումը շարունակել է օպերային երգեցողության բաժնում: 2003-08թթ սովորել է Փարիզի «Սովորական երաժշտական դպրոց» կոնսերվատորիայում, ապա՝ Փարիզի ազգային բարձրագույն կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Ունեցել է նաև անհատական վարպետության դասեր մի շարք հանրահայտ օպերային երգիչների մոտ: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա), Վ.Ա.Մոցարտի «Դոն Ժուան» (Ցերլինա), Գ.Դոնիցետտիի «Դոն Պասկուալե» (Նորինա) և այլն։ Համերգներով հանդես է եկել Նյու Յորքի «Կարնեգի Հոլ», Ժնևի օպերային, Սանկտ Պետերբուրգի ֆիլhարմոնիկ, Փարիզի «Սալե Կորտո» և այլ հեղինակավոր դահլիճներում: Դարձել է բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր և դափնեկիր, այդ թվում՝ Սան Մարինոյի 1-ին «Ռենատա Տեբալդի» միջազգային մրցույթի (2005թ., երկրորդ մրցանակ), Ադամսի անվան երաժշտական աշնանային փառատոնի (առաջին մրցանակ), Մյունխենի «Պրետորիա» երգեցողության մրցույթի (առաջին մրցանակ) և այլն: 2004-05թթ դարձել է Մեյերի հիմնադրամի մրցանակի դափնեկիր: 2006թ. դարձել է ֆրանսիական «Ադամի» արտիստ-կատարողների ասոցիացիայի անդամ և «Լիրիկական արվեստի բնագավառի հայտնություն» մրցանակի հաղթող: 2008թ. Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Երաժշտական Օլիմպ» փառատոնին և արժանացել «Լավագույն արտիստ» մրցանակին, իսկ Բելգիայում՝ Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է առաջին սոպրանոյի, չորրորդ մրցանակի դափնեկրի և հանրային քվեարկության հաղթողի մրցանակներին: 2009թ. Ստրասբուրգում Բարբարա Հենդրիքսի նախագահությամբ մասնակցել է 71-րդ երաժշտական փառատոնին և արժանացել է Գրան Պրիի։ Ելույթներ է ունեցել այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Պլասիդո Դոմինգոն, Կազուշի Օնոն, Դանիելե Կալեգարին, Ալեքսանդր Ռուդինը, Քրիստոֆ Պոպպենը, Ջեյմս Մինան և ուրիշներ: Բնակվում է Փարիզում: