Zark Foundation

Աննա Կարապետյան

Աննա Կարապետյան

Պարուհի, բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 8-ին, Երևանում: Բալետի արտիստներ Ռաշիդ Կարապետյանի դուստրն է, Դավիթ Կարապետյանի քույրը: Միջին մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1986թ. բալետի արտիստ որակավորմամբ ավարտել է ուսումնարանը: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2006թ․ ավարտել է բուհը, և ստացել «Երաժշտական թատրոնի դերասան» որակավորում: Ավարտել է նաև ԵԹԿՊԻ-ի մագիստրատուրան՝ ստանալով ռեժիսուրայի մագիստրոս որակավորում: 10 տարի շարունակ եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի և 10 տարի «Բարեկամություն» պետական անսամբլի առաջատար մենապարուհի: 2000-21թթ աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես ժողովրդական բնորոշ պարեր և պարարվեստի ռեժիսուրա առարկաների դասախոս, որտեղ 2013-21թթ եղել է բուհի խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչը (2019թ-ից՝ պրոֆեսոր): 2007-21թթ աշխատել է ՀՀ Ոստիկանության մշակույթի բաժնում, որպես երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ Ոստիկանության պահեստազորի փոխգնդապետ է: 2014թ-ից համագործակցել է դրամատիկ թատրոնների հետ, իրականացրել է բազմաթիվ բեմադրություններ ու բալետմայստերական աշխատանքներ թատրոններում: Բազում անգամներ հրավիրվել է սփյուռքահայ համայնքի կողմից Փարիզ, Լիոն, Սան Ֆրանցիսկո, Թեհրան, իր պարային բեմադրությունները կատարելու և մասնագիտական հմտությունները փոխանցելու սփյուռքահայ և օտարազգի պարողներին: Հինգ տարի շարունակ մասնակցել է «Արտ Ֆեստ» միջազգային փառատոնին, որպես հանձնախմբի անդամ: 2021թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակում է մասնագիտական գործունեությունը, հանդիսանում է «Խարակտեր» պարի ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչման, Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման, «Ոստիկանության 100-ամյակ»-ի պատվոգրի, 2014թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2017թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: