Zark Foundation

Աննա Նշանյան

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

12 դեկտեմբեր, 1931 - 23 հուլիս, 2024

Աննա Փափազյան
Ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: 1945թ. առաջին անգամ բեմ է բարձրացել Եգիպտոսում` «Անուշ» օպերայում կատարելով Անուշի դերը: Ավարտել է տեղի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը: Երկու տարի հաճախել է դասընթացների իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի մոտ, ապա սովորել ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ: 1952թ. առաջին անգամ ժամանել է Երևան և հանդես եկել համերգային ծրագրով: 1959թ. Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երևան և նույն թվականից աշխատել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մեներգչուհի: 1963թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` կամերայի և օպերային երգչուհի որակավորումով: Հանդես է եկել բազմաթիվ օպերային դերերգերով` Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխանուհի Աննա), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) և այլն: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում: Կատարել է նաև Մոցարտի, Մասինիի, Բիզեի, Վերդիի, Մուսորսկու և այլ հայտնիների ստեղծագործություններից: Հյուրախաղերով եղել է Խորհրդային Միության, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Սիրիայի մի շարք քաղաքներում: 1964թ. նկարահանվել է Հ.Ղափլանյանի «Քաղաքավարության վնասներ» կինոնկարում: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1977թ.` ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրի: 1980թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը և արժանացել մի շարք ամերիկյան պարգևների և մրցանակների, այդ թվում` «Famous Opera Singer» կոչման: 2013թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Մահացել է Լոս Անջելեսում։