Ծնվել է 1983թ. հունիսի 18-ին, Երևանում։ 1992-2001թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ 2001թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի դերասանուհի։ Զուգահեռաբար, 2001-06թթ ուսանել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային իրավունքի բաժնում՝ իրավագետ-միջազգայնագետի մասնագիտությամբ։ Հետագայում աշխատել է «Լեքս Փարթներս» ՍՊԸ-ում որպես իրավաբան, ինչպես նաև «Ապագա» վերլուծական շաբաթաթերթում՝ որպես «Իրավունք» բաժնի լրագրող։ 2004թ-ից մենապարերով և գլխավոր դերերով հանդես է եկել ինչպես բալետային, այնպես էլ օպերային ներկայացումներում։ Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Ռոզիտա, Մերսեդես), իսպանական ժողովրդական «Լորկիանա» (Սոլեդադ), Գոթան Փրոջեքթի «Լա Ռեվանչա Դել Տանգո», Ն.Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» (Զոբեիդա, Շեհերազադ թագուհի, պա-դե-դե), Ց.Պունիի «Էսմերալդա» (Էսմերալդա, հատված), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Հարս), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Գնչուհի), Շ.Ազնավուրի «Լա Բոհեմ» և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Եգիպտոսում, Սիրիայում, Թուրքիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում, Թունիսում, Քաթարում, Սանկտ Պետերբուրգում։