Ծնվել է 1994թ. օգոստոսի 6–ին, Երևանում։ Դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի քույրն է, պարող, պարուսույց Ասատուր Քալաշյանի կինը: 2000-04թթ սովորել է «Երևան» ստուդիայում, 2001-09թթ՝ Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 2009-13թթ՝ Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջում, որն ավարտելով ստացել է հագուստի մոդելավորողի մասնագիտության որակավորում։ 2003-08թթ սովորել է «Բարեկամություն» անսամբլին կից ստուդիայում։ 2008-09թթ հանդես է եկել «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարուհի, 2009թ-ից հանդիսանում է անսամբլի մենապարուհի։ 2018թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժինը՝ որպես բալետմայստեր։ 2010-15թթ եղել է «Ինտեր Դանս» պարային համույթի փորձավար և մենապարուհի։ 2014-23թթ հանդիսացել է «Քալաշյան» պարային դպրոցի գլխավոր փորձավարը: Հանդես է եկել Էլթոն Ջոնի «Ճանապարհ», Գ.Առուստամյանի «Սիրեցի, յարիս տարան», Ա.Բաբաջանյանի «Նոկտյուրն», «Հերոսական բալլադ», Ա.Խաչատրյանի «Սուսերով պար», «Շամիրամի տեսիլքը» (Շամիրամ), «Վալս», «Մաուգլի» (Եղնիկ), «Իսպանական», «Լա Բոհեմ», «Միստեր և Միսիս Սմիթ», «Հանդիպում», «Հիվանդասենյակ N», «Մոցարտ», Ռոսսինիի «Տարանտելլա», Ա.Բերբերյանի «Մենություն», Ա.Մարտիրոսյանի «Հայկ և Բել» և այլ պարային բեմադրություններում: Հյուրախաղերով հանդես է եկել Բուլղարիայում (Սոֆիա, Պլովդիվ), Սանկտ Պետերբուրգում, Մինսկում, Ֆրանսիայում (Փարիզ, Լիոն, Մարսել), Իսրայելում (Թել Ավիվ, Երուսաղեմ), Լիբանանում (Բեյրութ), Չինաստանում, Դուբայում: Մասնակցել է ՀՀ անկախությանը նվիրված տոնական համերգներին, 2018թ.՝ Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում միջոցառումներին: 2023թ-ից աշխատում է նաև Հայաստանի պարի պետական անսամբլում որպես բալետմայստեր: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2023թ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի: