Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Թիֆլիսի գիմնազիայում և երաժշտական ուսումնարանում: 1915թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Պետերբուրգի կոնսերվատորիան, ուր ուսանել է Ա.Լյադովին, Ա.Գլազունովին, Վ.Կալաֆատիին, Մ.Շտեյնբերգին, Յ.Վիտոլին: 1914թ. Սպիրիդոն Մելիքյանի հետ իրականացրել է Շիրակի ժողովրդական երգերի և պարերի գրառումներ, որոնց հիման վրա ստեղծել է հայ երաժշտության մեջ սիմֆոնիկ առաջին գործերից մեկը՝ «Շիրակի էտյուդները» (1916թ.): Ստեղծագործաբար յուրացրել և զարգացրել է հայ ժողովրդական և ռուսական դասական երաժշտության ավանդույթները: Կոմպոզիտորի ստեղծագործություններին բնորոշ է դյուցազներգական-քնարական շունչը: Հեղինակել է «Սեդա» (ըստ Լ.Շանթի, 1922թ.), «Արեգակի ցոլքերում» (բեմ.՝ 1949թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն) օպերաները, «Հրո հարսը» (ըստ Ջ.Զաբարլու, 1936թ.), «Անահիտ» (ըստ Ղ.Աղայանի, բեմ.՝ 1940թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն) բալետները, Սիմֆոնիա (1942թ.), «Ախթամար» սիմֆոնիկ պոեմը (1923թ.), «Վահագնի ծնունդը» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (1923թ.), խմբերգեր, ռոմանսներ, երգեր: 1917-25թթ դասավանդել է Թիֆլիսի, 1926-34թթ և 1938-58թթ` Երևանի Կոմիտասի անվան, 1934-38թթ` Բաքվի պետական կոնսերվատորիաներում (1934թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է նաև վերջինիս տնօրենը, իսկ 1926-30թթ` Երևանի կոնսերվատորիայի տնօրենը, 1948-59թթ` երաժշտության պատմության, տեսության և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչը: Հանդես է եկել որպես խմբավար, դիրիժոր, ղեկավարել իր ստեղծագործությունները: 1933թ. գրել է «Ռիխարդ Վագներ» գրքույկը, 1934թ.` «Երաժշտության տարրական թեորիայի դասագիրք» (2 հատոր) աշխատությունը: 1953թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: