Ծնվել է 1981թ. մարտի 4-ին, ՀՀ Սևան քաղաքում: Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու կինն է: 1998-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետում, 2003-06թթ` ասպիրանտուրայում: 2000-05թթ եղել է ինստիտուտի «Արվեստ» ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը: 2006թ-ից ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է, դասավանդում է արտասահմանյան թատրոնի պատմություն: 2008թ-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է: 2005թ. մասնակցել է ՌԴ թատերական գործիչների միության կազմակերպած թատերագիտական սեմինարներին` «Ռուսաստանի հնագույն թատրոններ» փառատոնի շրջանակներում: 2007-09թթ Թբիլիսիում մասնակցել է Եվրոպական կինոգործիչների կազմակերպած Հարավային Կովկասում անկախ կինոարտադրության խթանմանն ու զարգացման ուղղված թրեյնինգների: Ստացել է սցենարի վերլուծաբանի և կինոսցենարիստի որակավորում: 2008-09թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Արարատ» ալիքի «Մշակ» մշակութային լուրերի մեկնաբանը և լրագրող: 2009թ. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Միջազգային այցելու» ծրագրով եղել է ԱՄՆ-ում` մասնակցելով «Մշակույթի լուսաբանումը լրատվամիջոցներով» վերապատրաստման սեմինարներին: 1999թ-ից պարբերաբար տպագրվել է հանրապետական մամուլում` թատերախոսականներ, հոդվածներ («Նորք», «Սկենե», «Արվեստ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր», «Ազգ», «Հայաստան», «Հայոց աշխարհ», «Գիտությունը և կրթությունը Արցախում»), պատմվածքներ և բանաստեղծություններ` տեղի և արտերկրի գրական մամուլում («Նոր Դար», «Նարցիս», «Գրական թերթ», «Գրեթերթ», «Գանձասար» (Հալեպ), «Դրամատուրգիա», «Անդին»): Ստեղծագործությունները պարբերաբար ներկայացվել են տարբեր գրական կայքերում։ 2013թ. համացանցում ճանաչվել է «Տարվա լավագույն գրող»: 2011թ. պատմվածքները ընդգրկվել են «Մուգ կապույտ վառ կարմիր», «Արդի հայ պատմվածք: Ընտրանի», 2013թ.` «Համբույրի կարոտ ալ կարմիր շուրթեր» գրական տարեգրքերում: 2009թ. լույս է տեսել նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն` «Բարի գալուստ իմ հեքիաթ» վերնագրով, որտեղ ընդգրկված են պատմվածքներ և մեկ պիես` «Թռիչք քաղաքի վրայով», որն էլ 2010թ. բեմադրվել է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ներկայացումը մասնակցել է շուրջ 20 միջազգային փառատոների` ստանալով գլխավոր մրցանակներ: 2013թ. հեղինակի «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուի հիման վրա բեմադրվել է «Քո մասին է» ներկայացումը, որն արժանացել է «Արտ Ֆեստ» փառատոնի բրոնզե մեդալի: Եղել է մի շարք թատերական փառատոների վերլուծող հանձնաժողովի և ժյուրիի անդամ («Արտիստ», «Թատրոն X», «Երիտասարդ բեմադրիչների» փառատոներ, «Արտավազդ» մրցանակաբաշխություն, «Ռիդինգ Ֆեստ», «Դրամատուրգիական դիալոգ», «Աղասի Այվազյանի դրամատուրգիայի փառատոն»): 2013թ. մասնակցել է «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական միջազգային ընթերցումներին` ներկայացնելով «Մերսեդես» պիեսը, որն 2014թ. ընդգրկվել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի լավագույն երիտասարդ դրամատուրգների «Молодежный театральный форум. Сборник пьес» անթոլոգիայում: 2014թ. լույս է տեսել հեղինակի երկրորդ` «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն, որում ընդգրկված են պատմվածքներ և «Պրոֆեսորը» վիպակը: 2015թ. Սանկտ Պետերբուրգում բեմադրվել է գրողի «Կոմիտաս. Լույս բարեբեր», Երևանում` «Մերսեդես» պիեսները` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թատերագետների միջազգային ասոցիացիայի և Ազգային թատերական ստեղծագործական միավորման, 2012թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: