Լևոն Թորոսյան
Ծնվել է Մոսկվայում, չեքեզահայերի ընտանիքում: Ծնողները` Ասլան Տարասովը և Լիդիա Աբեսոլոմովան, ծագումով եղել են ՌԴ Արմավիր քաղաքից, իսկ պապը` Նախիջևանի Ցղնա գյուղից: 1917թ. ընտանիքի հետ գաղթել է Ռուսաստանից ու Եվրոպայով մեկ շրջագայելով՝ 1920թ. հաստատվել Ֆրանսիայում: 1920թ. ընդուվել է «Pasteur» քոլեջ, ստացել իրավաբանի մասնագիտացում և աշխատանքի անցել ոստիկանությունում: Առավոտից մինչ իրիկուն ծանր աշխատանք կատարելով ու ապրուստի հոգսերն հոգալով, միայն գիշերն է ժամանակ գտել զբաղվել գրական գործունեությամբ: 1935թ-ից սկսել է առավել ակտիվ ստեղծագործել և գրական կյանք է մտել Անրի Թրուայա կեղծանունով: Ավարտել Է Փարիզի իրավաբանական գիտությունների ակադեմիան: 1959թ. ընտրվել է Ֆրանսիայի ակադեմիայի անդամ և եղել է ոչ ֆրանսիացի առաջին գրողը, ում շնորհվել է այդ ակադեմիայի «քառասուն անմահներից» մեկը լինելու պատիվը: Ստեղծագործել է ֆրանսերեն և ռուսերեն: 70-ամյա ստեղծագործական կյանքում հեղինակել է 100-ից ավելի վեպեր, վիպակներ, նովելներ, հուշագրություններ, պատմավեպեր, կենսագրական վեպեր, պատմական ու գեղարվեստական ստեղծագործություններ, որոնց մեծ մասը համարվում են համաշխարհային գրականության մնայուն արժեքներ: Գրական ասպարեզ է մտել «Խաբուսիկ լույս» (1934թ.) վեպով։ Լույս է ընծայել «Սարդը» և «Ձկնորսանոց» (երկուսն էլ՝ 1938թ., Գոնկուրյան մրցանակ՝ 1938թ.), «Ընդհանուր գերեզման» (1939թ.), «Քանի աշխարհը կա» (հ.1-3, 1947-50թթ, պատմում է իր տոհմի մասին), «Սգավոր ձյունը» (1952թ., Պրենս Ռենիե դը Մոնակոյի մրցանակ, հայերեն հրատարակվել է՝ 1974թ., հայկական համանուն կինոնկար՝ 1978թ.), «Ցանք և հունձք» (հ.1-5, 1953-58թթ), «Արդարների լույսը» (հ.1-5, 1955-62թթ), «Էգլեթիերների ընտանիքը» (հ.1-3, 1965-67թթ, հայերեն հրատարակվել է՝ 1980թ.), «Մոսկվացին» (հ.1-3, 1974-75թթ) և այլ վեպեր։ Գրել է նաև կենսագրական վեպեր՝ «Տոլստոյ» (1965թ.), «Մեծն Եկատերինան» (1977թ.), «Պետրոս Մեծ» (1979թ.), «Ալեքսանդր Առաջին» (1981թ.) և այլն։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով: Եղել է «Հայաստան-Ֆրանսիա» ընկերության պատվավոր անդամ։ Արժանացել է նաև գրականության և մշակույթի հրամանատարի շքանշանին, 1997թ.՝ Ֆրանսիայի «Պատվավոր լեգեոն» Մեծ Խաչին և բազմաթիվ այլ պարգևների ու մրցանակների: Մահացել է Փարիզում: